News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ մայիսի 22-ին, հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԿԳ նախարարը։

«Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ուսանողները բուհում ակցիա են իրականացրել՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները ներսից փակել էին թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չէին տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք էին պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Նշենք, որ ԵԹԿՊԻ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ