News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։

«Ես տարածք հատկացնե՞մ», - կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ իր դիրքորոշումը հետեւյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարեւոր է, որովհետեւ այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երեւան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլեւ նույնիսկ շենք կառուցելու համար», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է լավ մտածել ճիշտ լուծում գտնելու համար:

Վանեցյանն իր հերթին նշեց. «Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետեւ չի համապատասխանում միջազգային պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ»:

Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաեւ շատ մեծ կանաչապատ գոտի. «Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի,  որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի: Մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար այգի պետք է լինի, ժամանցի վայր նաեւ»:

Փաշինյանն էլ հավելեց, որ կա գաղափար, որ մարզադաշտը կառուցվաի «Հյուսիս Հարավին» հարակից որեւէ տեղում եւ դա լավ գաղափար է:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հրազդան» մարզադաշտը, ինչին Վանեցյանը պատասխանեց. «Հրազդան մարզադաշտը որպեսզի դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում եւ փաստ չէ, որ դրանից հետո մարզադաշտը կընդունեն: Որովհետեւ ամենակարեւոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաների ճանապարհների առկայություն, պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի: Ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարաեցնել այդ պայմաններին», - ասաց ՀՖՖ նախագահը:

Նա հավելեց, որ եթե հնարավորություն ունենան, կվերանորոգեն «Հրազդան» մարզադաշտը ու կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար։

«Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են», - նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ նոր մարզադաշտի կառուցումը պետք է լինի բիզնես նախագիծ, որը կկառուցվի ոչ պետական միջոցների հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով քննարկումները պետք է ինտենսիվացնել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշեց, որ ճիշտ կլինի, որ օլիմպիական նորմատիվներով կառուցվի մարզադաշտը, որը Հայաստանին թույլ կտա նոր մակարդակ բարձրանալ եւ հարց բարձրացնել մեր երկրում օլիմպիադա կազմակերպելու մասին:

«Ես դեմ չեմ, պարոն Վանեցյանի հետ կազմակերպեք, ես միայն ուրախ կլիներմ»,-արրձագանքեց Փաշինյանը:

Տպել