News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարծում եմ ուսումնասիրություններ կարվեն, որպեսզի հասկանանք, թե ինչումն է խնդիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անդրադառնալով՝ վաղ առավոտից Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում երթուղային տրանսպորտային միջոցների վարորդների կողմից իրականացվող բողոքի ակցիային։ Նրա խոսքով հանդիպել է վարորդների հետ, նրանց մի մասն այս պահին գնացել են, մյուս մասը շարունակում են բողոքի ակցիան։

«Վարորդներն ասում են, որ վերջին փոփոխություններից հետո, այն նույն գումարը, որ վճարում էին գազի համար նաեւ նախկինում, հիմա ավելի քիչ են երթեւեկում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչի հետ է կապված՝ գազի որակի, ճնշման»,– ասաց Ասլանյանը։

Նրա խոսքով քաղաքապետարանի աշխատակիցները եւս հանդիպել են վարորդների հետ:

«Վարորդները պետք է հասկական, որ մենք չենք կարող գնային քաղաքականության մեջ մտնել։ Հիմա փորձում ենք հասկանալ իրենց բողոքի հիմնավորումը, քանի որ տեղեր կան ասում են՝ Վանաձորում ավելի էժան է, քան ենթադրենք հանրապետության այլ գազալցակայաններում»,– ասաց Ասլանյանը։

Նրա խոսքով վարորդների մի մասն ասում է, որ գազի խտության հետ է կապված խնդիրը։ Քաղաքապետի խոսքով խնդրով պետք է նաեւ ոլորտի մասնագետները զբաղվեն։

«Այստեղ ավելի շատ մասնագիտական պարզաբանումների կարիք կա։ Խնդիրը բազմաշերտ է, կարծում եմ ընդհանուր հայտարարի կգանք։ Եթե խնդիր կա, պետք է հասկանալ եւ լուծել»,– եզրափակեց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մայիսի 23–ին հերթական անգամ բողոքի ակցիա էր սկսվել. Վաղ առավոտից քաղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի, նրանք պահանջում են էժանացնել գազը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ