News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ճիշտ նպատակներով, բայց սխալ քայլերով մենք հեռանալու ենք այդ նպատակներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

«Ես ցավով եմ նշում, որ անցած տարի համաժողովրդական շարժումը ուներ այլ ծավալ, այսօր այլ է, սա խոր վերլուծության կարիք ունի, ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չի»,–ասաց նա՝ դիմելով իշխանություններին։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունները Ազգային ժողովում մեծամասնություն ունեն, կարող են ամեն ինչ օրինական դաշտում անել. «Մեր ժողովուրդը պատանդ չէ ոչ նախկինների, ոչ ներկա իշխանությունների ձեռքը։ Իրենք թող իրենց հարցերը լուծել։ Չի կարելի ասել՝ դատարաններ չկան։ Պետական ինստիտուտների նկատմամբ այս նիհիլիզմը լավ տեղ չի կարող տանել։ 88 հոգի են, մեծամասնություն են, այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ անել օրինական ճանապարհով»։

Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Անցումային արդարադատությունն այնքան անորոշ հասկացություն է, տարբեր երկրներում տարբեր իմաստներով է կիրառվել։ Նախ անցումային արդարադատության նպատակը հաշտության հասնելն է, սերունդների խզված համերաշխնությունը վերականգնելն է, այսօր ճիշտ հակառակն ենք անում։ Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություններ»։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է դադարեն թշնամիներ որոնել. «Հերիք է կեղծ թիրախներ, թշնամիներ մոգոնել եւ ժողովրդի ուշադրությունը շեղել, հոկտեմբերի 2-ին էլ հորինեցին, թե Ազգային ժողովն է խանգարում, հետո պարզվեց որ սահմանադրության նորմալ ընթացքով օրենք է ընդունվել, որը հիմա իրենց է օգտակար։ Իրավագիտությունը չպետք է ամեն նոր եկած սերունդ յուրովի մեկնաբանի, դա նույնն է, որ ես գամ, Նյուտոնի օրենքները յուրովի մեկնաբանեմ»։

Ռուստամյանը շեշտեց՝ երկրում սահմանադրական փոփոխություններով դատական իշխանությունները դանդաղ, բայց գնալու էին փոփոխությունների. «Մենք դատական իշխանությանը էն գլխից էլ չենք վստահել, բայց ի տարբերություն այս իշխանությունների, մենք ընտրեցինք ճանապարհ, թե ինչպես պետք է փոխել դատական իշխանությունը։ Այն սահմանադրական փոփոխությունները որ կատարել ենք, կատարել ենք միջազգային փորձագետների հետ համախորհուրդ, եթե ինչ–որ բան սխալ լիներ, կասեին սխալ է։ Այդ ճանապարհով դատական համակարգը գուցե մի քիչ դանդաղ բայց փոփոխությունների հաստատ գնալու էր»։

Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ռուստամյանը վտանգավոր է համարում. «Սա ուղիղ նվեր է Ադրբեջանին, սրանով դրդում են, որ Ադրբեջանը հարձակվի»։

Նրա խոսքով՝ դավադիրների մասին չպետք է խոսել՝ չբաացահյատելով նրանց. «Դավադիրներին պետք է բացահայտել, ապա նոր խոսել»։

2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՅԴ–ի համար եւս մտահոգիչ է. «Մտահոգությունը այն է, որ այդ նույն գործում պետք է լինել զգույշ։ Մենք էլ ենք ասել, որ եղել են չարաշահումներ, բացահայտման գործը պետք է այնպես արվի, որ մեր դեմ չօգտագործվի։ Սա պաշտպանության եւ անվտանգության հարց է։ Շատ հնարավոր է ունքը սարքելու տեղը աչքը հանեն»։

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ներկա իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր–Պետրոսյանի ականջները, սակայն ՀՅԴ–ին մտահոգում է հատկապես ԼՂ հարցը, որ Փաշինյանն էլ չգնա զիջումների տնտեսության զարգացման համար, ինչպես առաջարկում էր Լեւոն Տեր–Պետրոսյանը։

Հարցին՝ ներկայումս ՀՅԴ–ի կողմից հնչեցվող տեսակետները սատարում են նաեւ Սփյուռքի ՀՅԴ կառույցները, նա պատասխանեց. «Դաշնակցությունը մեկ բռունցք է դարձել, եթե տարբեր մոտեցումներ են եղել, հիմա միավորվել են Հրանտ Մարգարյանի վրա այդ այլանդակ հարձակումից հետո»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել