News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռեկտորի հրաժարականի կարիք ես չեմ տեսնում, այն խնդիրները, որոնք բարձրացրել են ուսանողները, օբեյկտիվ են եւ սուբյեկտիվ, եւ եթե բոլորը դնենք սեղանին կտեսնենք՝ հուզմունքներ կան: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանի դեմ բողոքի ակցիային: Բուհի ուսանողները պահանջում էին ռեկտորի հրաժարականը, եւ դրանից հետո ուսանողները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ.

«Ես իրենց էլ ուղիղ ասել եմ, մենք տեսել ենք բուհի մի խումբ ուսանողների ուղղորդում: Դա շատ հստակ է մեզ համար եղել, քանի որ մենք այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք: Սակայն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, մենք դրա վրա կանգ չենք առել, քանի որ դա մեզ համար շատ անկարեւոր է: Այդպիսի դրսեւորումները մենք պետք է արհամարհենք, որովհետեւ սրանք արվում են այն խմբերի կողմից, որոնք արդեն 1 տարուց ավել է մերժված են»,- ասաց նախարարը եւ պատմեց, որ ինքն ուսանողներին ասել է՝ դռները փակելը անցանկալի դրսեւորումներ են. «Ես իրենց հետ հանդիպմանն ասացի՝ եթե բուհի ներսում խնդիրներ կան, կարող են ավելի շուտ գալ նախարարությունը, եւ չհասցնել այդ միջոցառմանը»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ուսանողները բուհում ակցիա են իրականացրել՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները ներսից փակել էին թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չէին տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք էին պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Նշենք, որ ԵԹԿՊԻ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ