News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Համակարգը բարեփոխման կարիք ունի, ընդ որում՝ հեղափոխական։ Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անցումային արդարադատության հարցերի մասին լսումներում։

Պատգամավորն ընդգծել է, որ շատ տարիներ դատավորները քաղաքական որոշումներ են կայացրել կամ վճիռներ, որոնք թելադրված են եղել նախագահականից կամ կառավարությունից, ինչի վկայությունն են բազմաթիվ հայցերը ՄԻԵԴ-ում։

«Բայց ի՞նչ մթնոլորտում մենք պետք է բարեփոխենք դատական համակարգը։ Ուրիշի կարծիքի հանդեպ համատարած անհանդուրժողությա՞ն, գլխատելու եւ քաղաքական հաշվեհարդարի կոչերի՞»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա հիշեցրել է, որ անգամ Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների հայտարարությունն է ֆիլտրվում։ Յուրաքանչյուր կողմ դրանից վերցնում է այն, ինչ ցանկանում է։ «Բայց հայտարարությունում հստակ կա գնահատական՝ թույլ չտալ քաղաքական ճնշում, եւ լիակատար աջակցել իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում՝ համակարգի առողջացման ուղղությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետն այն է, որ համակարգը պետք է առողջացնել, բայց բացառապես օրենքի շրջանակում։ Եթե ամեն բան ընթանա Նովգորոդյան վեչեի օրինակով, երբ իշխանի հրամանով գլուխներ էին թռցնում, արդյունքը վատ կլինի։ Ես ինքս էլ հաճախ ասել եմ, որ չեմ հավատում դատավորների ռեստարտին, որոնք երկար տարիներ աշխատում են թելադրանքի պայմաններում, չեմ հավատում, որ նրանք կարող են իրենց մեջ խեղդել ստրուկին։ Բայց բոլոր գործընթացները պետք է լուծվեն խաղաղ եւ հանդուրժող մթնոլորտում։ Երբ հասարակությունը բաժանվում է սեւերի եւ սպիտակների, հնչում են կախելու կոչեր եւ զտվում են հայտարարությունները, ես խիստ կասկածում եմ, որ հնարավոր է հասնել անգամ ամենալավ նպատակներին»,- ընդգծել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ