News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ավելի ուշ հայտարարությամբ պարզաբանել է պատճառները․ «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առթիվ մայիսի 20–ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում»,- ասել է նա ։

Շուտով հրաժարական ներկայացրեց նաեւ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը: Ի դեպ նա հետհեղափոխական պաշտոնյա էր, նրան այդ պաշտոնին նշանակել էր Արթուր Վանեցյանը։

Գագիկ Հարությունյանի հրաժարականին ծափահարություններով արձագանքեցին խորհրդարանում ։

Այստեղ հրավիրվել են խորհրդարանական լսումներ`Անցումային արդարադատության թեմայով :

Դահլիճում էին նաեւ միջազգային փորձագետներ՝ Ռուբեն Կարանսան հայտարարեց, որ անցումային արդարադատությունը կարելի է դիտարկել որպես ճշմարտության որոնում ։ Նրան արձագանքեց Բարգավաճ Հայաստանի պատգամավորը, եւ արձագանքից կարելի էր դատել, որ փորձագետը այդ պահին հեռախոսով էր զբաղված ։

Դահլիճից դուրս էլ արձագանքեր եղան։ Հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին շղարշ հաղորդելու դրսեւորում են՝ հայտարարեց «Իրավական ուղի» կազմակերպությունը ։

Այս մտահոգությունը կրկնեց նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ըստ նրա՝ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում, լսումները զուտ ձեւական բնույթ ունեն, իբրեւ թե այդ ինստիտուտը ներդրվում է թափանցիկության պայմաններում ։

Խորհրդարանի բակում էլ ցույց էր անում Նարեկ Մալյանը՝ մի քանի համախոհների հետ։ Նրանք այս անցումային արդարադատության նախաձեռնությունը եւս կապում են Սորոսի փողերի հետ։

Խորհրդարանում նիստ է արել նաեւ պաշտպանության հարցերով հանձնաժողովը։ «Լուսավոր Հայաստանը» գնումների մասին օրենքի նախագիծ է առաջարկել, ըստ որի վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի ծախսերը պետք է թափանցիկ դարձնել: «Լուսավորից» Գեւորգ Գորգիսյանի ելույթը եւ հատկապես Փաշինյանի մասին հիշատակումը, դուր չեկավ «Իմ քայլի» պատգամավորներին։ Վեճը շարունակվեց փողոցի բառերով, Գորգիսյանը հայտարարեց, որ ինքը շարժվում է պետականության շահերով, եւ ով կասկածի, պատգամավորը խոստացավ քֆուր անել։

Արթուր Վանեցյանն ու Դանիել Իոաննիսյանն են հեռվից վիճում։ Իոաննիսյանը նրան մեղադրել էր, որ մտերիմ կապերի մեջ է մի քանի քրեական հեղինակությունների՝  Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ։ Այսօր Վանեցյանը հերքեց դա ու Իոաննսյանին պատասխանեց Փաշինյանի բառերով։

Շուտով եղավ արձագանքը։ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ «Ինձ թվում է՝ գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելեւս ես՝ ՀՀԿ-ն։ Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, եւ հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»:

Հայաստանի դպրոցներում այսօր երկու դասարան՝ 9-րդն ու 12-րդը, նշում են վերջին զանգը։  Այս տարի էլ չնայած ոստիկանության զգուշացումներին, ղեկին ուրախ անչափահասներ են եղել, մոտ 90 մեքենա է տարվել տուգանային հրապարակներ ։

Շրջանավարտներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լայվով» շնորհավորեց տան ճանապարհին, որտեղ  նրան սպասում էին հյուրեր՝ սահմանամերձ գյուղերից։ Մոտ 280 շրջանավարտ կառավարական առանձնատանը տոնեց դպրոցական վերջին օրը ։

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Օպերայի թատրոնի արդեն նախկին տնօրենը, իրեն ազատելու որոշումը վիճարկում է դատարանում։ Նա հայց է ներկայացրել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրա այդ որոշումը։ Դիրիժորը եւս մեկ հայց է ներկայացրել արդեն Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի դատարանը չեղարկի նաեւ վարչապետի որոշումը՝ «Մշակույթի նախարարի պարտականությունները Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին»։

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում են խմբերի բաժանվել ու իրար մեղադրում անօրինականության մեջ։ Այսօր ֆեդերացիայի համագումարն է եղել ԵԿՄ շենքում, որը նախագահ է ընտրել  Դավիթ Պողոսյանին։ Շենքի առաջ էլ բողոքի ակցիա էին անում մարզիչներ եւ մարզիկներ, որոնք դեմ էին այդ թեկնածությանը։ Նրանք հայտարարում էին, որ ընտրությունը անօրինական է եւ կատարվում է Սասուն Միքայելյանի հովանավորությամբ։ Անօրինանություն բառը վիրավորեց մի երկրապահի, սկսեցին իրարից հաշիվ պահանջել ու քաշքշել իրար ։

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Բասեն գյուղում։ 59-ամյա մի տղամարդ դանակահարել է հարեւանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա ննջարանում դանակահարել է քրոջ որդուն։ 25-ամյա զարմիկը դիմադրել է քեռուն։ Երիտասարդը հոսպիտալացվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց տան նկուղում հայտնաբերվել է տղամարդու դին։ Նա ինքնասպանություն է գործել՝ առաստաղից կախվելով։ Ոստիկանությունը պարզում է հանգամանքները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հայտարարել է, որ երկու շաբաթից՝ հունիսի 7-ին հրաժարական է ներկայացնելու, նա կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ ապա պաշտոնը: Ելույթի վերջում Մեյը արտասվել է։ Արցունքով հեռացող վարչապետը եկել էր այս պաշտոնին՝ խոստանալով լուծել բրեքսիթի հարցը, Խոհրդարանը երեք անգամ մերժել էր Մեյի ներկայացրած փաթեթը, փակուղու առաջ կանգնեցնելով նրան։

Դոլարը թանկացել է, փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոն 537 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 609, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Երեւանում շաբաթ օրվա երկրորդ կեսին, կիրակի տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29:

 

 

 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ