ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Երեւան գալը Արցախում վիճակի հետ որեւէ կապ չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Աշոտ Փաշինյանը տեղափոխվել Երեւան եւ արդյոք դա կապված է Արցախի սահմանին ստեղծված իրավիճակի հետ։
«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Դա ժամանակավոր է, եւ նա վերադառնալու է։ Աշոտը ինչպես ծառայում է ԼՂՀ–ում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ, առաջիկայում եւս հնարավոր է լինեն տարբեր զորամասերում, բոլոր զինվորները մասնակցում են դրան, սովորական երեւույթ է։ Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որեւէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուսներից որեւէ հարցում։ Երեւան գալու ու վերադառնալու հարցում եւս չի տարբերվում մյուս զինվորներից»,–նշեց Աննա Հակոբյանը։
Հարցին՝ Երեւանում գտնվելու ընթացքում Աշոտ Փաշինյանը տանը եղե՞լ է, վարչապետի տիկինը դրական պատասխանեց. «Ինքն ունեցել է օրենքով սահմանված արձակուրդ եւ մեկ օր եղել է տանը»։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «դավադիր պատերազմի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, նրա որդուն՝ Աշոտ Փաշինյանի տեղափոխել են Երեւան: