News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի դատարանը պարտավորեցրել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն, ՆԳՆ նախկին աշխատակից Էրակլե Կոդուային, ինչպես նաեւ ՆԳՆ եւ ֆինանսների նախարարությանն առհասարակ վճարել 215 հազար լարի (ավելի քան 77 հազար դոլար) նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլուն՝ որպես փոխհատուցում նյութական ու բարոյական վնասի, որը նրան հասցվել է 2005 թվականի ծեծի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է տուժածի փաստաբան Կախա Կոժորիձեն։

Գելաշվիլու հետ դաժանաբար հաշվեհարդար են տեսել 2005-ի հունիսին։ Դատախազության տվյալներով՝ պատգամավորին ծեծել են այն բանից հետո, երբ նա թերթերից մեկում գրել էր, որ խլել են իր ունեցվածքը եւ դրանում մեղադրել էր այն ժամանակվա նախագահ Սաակաշվիլուն։ Դրա համար պետության ղեկավարը հանձնարարել էր Մերաբիշվիլուն, որն այդ ժամանակ ՆԳՆ ղեկավարն էր, պատժել Գելաշվիլուն։ Մտահղացումն իրականացրին ՆԳՆ եւ ֆինանսների նախարարության աշխատակիցները։

«Ծեծելու ժամանակ Վալերի Գելաշվիլուն հասցվել է նյութական վնաս։ Դա արտահայտվել է այն բանում, որ նա իր մոտ ունեցել է 10 հազար դոլար, որոնք հետո կորել են, նրանից խլել են նաեւ ադամանդե մատանին։ Բացի այդ, մենք դատարանից պահանջեցինք փոխհատուցել նաեւ բարոյական վնասը այն պատճառով, որ նրան ծեծել են եւ վնաս հասցրել առողջությանը»,- ասել է Կոժորիձեն՝ ավելացնելով, որ  նշված գործը դիտարկվում է դատարանում  2018 թվականից։

Փաստաբանի խոսքով՝ դրամական միջոցները հօգուտ Գելաշվիլու վերցվելու են համերաշխ պատասխանատվության սկզբունքով, այսինքն՝ հայցվորը կարող է դիմել կոնկրետ պատասխանողներից մեկին՝ պահանջելով վճարել 215 հազար լարի, իսկ նա, ով վճարելու է նշված գումարը, իրավունք ունի դիմելու գործով մյուս անցնողներին, որպեսզի նրանք, իրենց հերթին, վճարեն իր փողերը, քանի որ տուժածին ինքը մենակ է վճարել։ Առայժմ հայցվորները չեն որոշել, թե ում են դիմելու։

Ինչ վերաբերում է Գելաշվիլու ծեծի գործին, ապա 2018 թվականի հունիսին Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլուն հեռակա դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Մերաբիշվիլուն՝ 2016-ի օգոստոսին, վեց տարի ինն ամիս ազատազրկման։ Բացի Սաակաշվիլուց եւ Մերաբիշվիլուց, հեռակա իննական տարի են ստացել Կոդուան եւ ՆԳՆ եւս մեկ աշխատակից՝ Գիա Սիրաձեն, որոնք Վրաստանի սահմաններում չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ