News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչ-որ բան ոչնչացնելուց առաջ պետք է ունենան երաշխավորված այլընտրանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին, անցումային արդարադատությանը.

«Այնպես չէ, որ մեր կուսակցությունը այն կարծիքին է, թե Հայաստանի Արդարադատության համակարգը փայլում է, եւ կարիք չկա վերափոխման։ Իհարկե, արմատական փոփոխությունների խնդիր կա։  Բայց չենք կարող ասել, որ այսօր Հայաստանում դատական համակարգը լրիվ պարալիզացված է, եւ պետք է վիրահատական միջամտություն լինի՝ համակարգը փրկելու համար։ Այո, կան շատ դատավորներ, որոնց պետք է ժամ առաջ ազատել»,- ասաց պատգամավորը եւ նշեց, որ ժողովրդի համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչ է անցումային արդարադատությունը.

«Գալիս է մի եվրոպացի փորձագետ, մի բան է ասում, մի ամերիկացի գալիս՝ մի բան է ասում։ Հետո էլ ամենավիրավորականը, գալիս են Ազգային Ժողով, փոխանակ բարի լինեն իրենց ճառը կարդալուց հետո լսեն հնչող տեսակետները՝ զբաղվում են իրենց հեռախոսներով։ Սա արհամարհանք է  մեր պետականությանը, ԱԺ-ի, ժողովրդի իրավաչափ ակնկալիքների նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ իրենք կողմ են Արդարադատության համակարգի բարեփոխումներին, բայց որոշակի պայմաններ կան.

«Առաջին, մենք պետք է տեսնենք, ունե՞նք արդյոք համարժեք երաշխավորված այլընտրանք, որ նոր ոչնչացնենք եղածը։ Երկրորդ՝ չբացատրվեց կոնկրետ ի՞նչ գործիքներով, եւ ինչ գործիքակազմով են իրենք պատրաստ ծրագիրը կյանքի կոչելու։ Մեզ չհամոզեցին նաեւ այն ողջամտորեն ակնկալվող արդյունքի մեջ, ոչ ոք չկարողացավ ասել, որ այս համակարգը ներդնելու դեպքում՝ այսպիսի արդյունք պետք է լինի»,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց, որ այդպիսի պայմաններում, այդպիսի կարեւոր բնագավառի արմատական վերափոխումը չի կարելի ձեւականորեն ասել, թե  կատարելագործում ենք Արդարադատության համակարգը։ 

«Նույնն է, որ մտնենք առողջապահության բնագավառ, եւ մոտ 15-20 ոչ բարի համբավ ունեցող բժիշկ հայտնաբերելու դեպքում՝ ասենք՝ եկեք առողջապահության համակարգը փոխարինենք ինչ-որ դրսից բերված անծանոթ համակարգով։ Այսինքն՝ մենք կողմ չենք, որ մի քանի բախտախնդիր դատավորների պատճառով վերցնեն ու փոխեն ամբողջ համակարգը»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Տպել
Ամենաշատ