News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախօրեին թեժ քնարկել են խմբակցության նիստերից արտահոսքերի թեման։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Քննարկման ընթացքում պատգամավորները լրագրողների աղբյուրները բացահայտելու տարբերակներ են առաջարկել: Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ այս հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ պարզել, թե ով է «սլիվ» անողը:

Ալեքսանդր Ավետիսյանը լրատվամիջոցին հայտնել է, որ դա հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել․ «Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»,- ասել է նա եւ ընգծել, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաեւ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը:  Ալեքսանդր Ավետիսյանի կարծիքով՝ լրագրողները պետք է Ազգային ժողովի 334 համարի դահլիճի միջանցքում չսպասեն, մինչ կավարտվի իրենց փակ նիստը։ Պատգամավորը  համարում է, որ լրագրողները պետք է այդ ընթացքում կանգնեն ընդհանուր միջանցքում:

Հարցին՝ հնարավո՞ր է լինի առաջարկություն, որ նիստերի ընթացքում լրագրողների մուտքը դահլիճի նախասրահ արգելվի, պատգամավորը պատասխանել է․ «Եթե շարունակեն ձայնագրություններ հրապարակել, ապա հնարավոր է: Իմ կողմից հնարավոր է հնչի նման առաջարկ»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ լրատվամիջոցին հայտնել է, որ ինքն արդեն դիմել է խմբակցությանը, որ խմբակցության փակ նիստերի ժամանակ լրագրողներին Ազգային ժողովի 334 համարի դահլիճի նախասրահ չթողնեն․ «Ես արդեն առաջարկել եմ, որ մտածեն այդ ուղղությամբ: Եթե լրագրողներն ուզում են սպասեն եւ տեղեկատվություն ստանան, կարող են սպասել քիչ ավելի հեռու: Խմբակցությանը քննարկման ժամանակ առաջարկել եմ»,- ասել է նա:

Փակ քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը գործընկերներին առաջարկել է, որ պատգամավորների օգնականները լինեն լրագրողների կողքին, վերահսկեն լրագրողներին եւ հասկական, թե ինչպես է նրանց տեղեկություն փոխանցվում:

Պատգամավորը լրատվամիջոցին պարզաբանել է․ «Խոսքը վերահսկելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ եթե կա տարածք, այդ տարածքի կազմակերպման մասին է: Որեւէ հնարավորություն չպետք է տալ լրագրողին` էն ինչը իրենցը չի, ականջ դնել կամ տարածքի ֆիզիկական բնութագրիչներից ելնելով իրենց հասանելիքը դարձնել»:

Տպել
Ամենաշատ