Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին դատարան են կանչել 2016 թվականին բրեքզիթի հարցով հանրաքվեի նախաշեմին հայտարարությունների պատճառով, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով CNN-ին:
Հայցը ներկայացրել է գործարար Մարկուս Բոլլը: Նրա խոսքով՝ Ջոնսոնը, որը քարոզում էր Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը, կեղծ փաստեր է ներկայացրել՝ ասելով, որ այդ դեպքում երկիրը շաբաթական 350 մլն ֆունտ կստանա, որն, իբր, ծախսվում է ԵՄ-ի համար: Բոլլը պնդում է, որ Լոնդոնը երբեք նման գումար չի վճարել:
Դատավոր Մարգո Կոլմանը հստակեցրել է, որ Ջոնսոնը պետք է ներկայանա դատարան: Նրա փաստաբանները կտրականապես հերքում են մեղադրանքը:
Մայիսի 24-ին հայտնի էր դարձել, որ երկրի վարչապետի պաշտոնում հիմնական ֆավորիտ է համարվում Ջոնսոնը՝ Թերեզա Մեյի հրաժարականից հետո: Ֆավորիտների թվում է նաեւ երկրի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: