Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:

Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրներ. «Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»,-նշված էր հայտարարության մեջ։

Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ երեկ հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։