News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ես ԱԺ նախագահն եմ եւ ընդունում են ՍԴ դատավորի բոլոր թեկնածությունները, որոնք ներկայացնում է հանրապետության նախագահը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին, որին, ըստ հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իշխող ուժը:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ վերջին 1 տարում 4 անգամ ԱԺ-ն մերժել է ՍԴ դատավորի թեկնածուներին, նա պատասխանեց. «Առաջադրում են թեկնածուներին այն մարդիկ եւ այն մարմինները, որոնք դրա իրավասությունն ունեն, եւ ընտրում են այն մարդիկ եւ այն մարմինները, որոնք դրա իրավասությունն ունեն: Այդ մարմինները կարող են ընտրել, կարող են չընտրել: Մինչեւ հիմա չեն ընտրել, հիմա կտեսնենք, կարող է հիմա էլ չընտրեն, կարող է ընտրեն»,-ասաց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Վահե Գրիգորյանին, ԱԺ նախագահն ասաց. «Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ եւ դա ձեւավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում՝ մեծաթիվ, թե փոքրաթիվ: Հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, եւ այդտեղ մեզ հետ էին տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում նաեւ Վահե Գրիգորյանը: Կարծում եմ՝ նորմալ է, որ այդ տարիներից եւ այդ հանգամանքներում ծանոթանալով կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձեւավորել»:

Նա հավելեց, որ չափազանց մեծ դեր է խաղում նաեւ այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի առումով, երկրի երազանքի առումով բավականին մեծ ընդհանրություններ կան. «Հիմա անկեղծ ասեմ, չափազանց դրական եմ վերաբերվում այդ թեկնածությանը: Ինչպիսին կլինի խմբակցության վերաբերմունքը, ինչպիսին կլինի ընտրության արդյունքը, կերեւա առաջիկայում»:

Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Տարոն Սիմոնյան ասաց, որ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը հակաօրինական քայլ է, քանի որ օրենսդրությունը նշում է, որ ՀՀ նախագահը չի կարող մեկից ավելի անգամ ներկայացնել նույն թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Եկեք կամայական մեկնաբանությունները թողնենք: Դա նոր թեկնածություն է, այստեղ խնդիր չկա: Իրավաբանների հետ այս թեման բազմաթիվ անգամ քննարկվել է հրապարակային: Հիմա իմաստ չեմ տեսնում իրավաբանների բոլոր փաստարկները տառ տառ վերաշարադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ