ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց ավարտվեց ԱԺ դարպասների դիմաց հագուստ թողնելով, որը ըստ նրանց՝ խորհրդանշում է սովորական քաղաքացիների առօրյան: Նշենք, որ այսօր նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել, պահանջում էին  չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը:

Նրանց հետ հանդիպեցին եւ քննարկում ունեցան  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Բաբկեն Թունյանը եւ Հայկ Գեւորգյանը: Սակայն ցուցարարներին քննարկումը չգոհացրեց, նրանք ցանկանում էին հանդիպել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

yerkir.am-ը հայտնում է, որ 2 պատգամավորների հետ քննարկումից հետո, երիտասարդների հետ հանդիպել է նաեւ Լիլիթ Մակունցը, եւ ասել, որ կծանոթանա նամակի բովանդակությանը:

Նշենք, որ Հայկ Գեւորգյանի հետ քննարկման ժամանակ ցուցարարներից մեկն ասաց, որ Եկամտային հարկի մասին  նախորդ օրենքը պրոգրեսիվն էլ, այս նախագիծն էլ իրենց չի գոհացնում. «Պատգամավորները պետք է գիտակցեն, որ պատասխանատու են լինելու բնակչության կյանքի որակի վատթարացման համար: Դուք ասում եք, մենք պայքարում ենք ծխախոտի կամ ալկոհոլի դեմ, բայց մարիխուանայի մասին խոսակցություններ են գնում, որ եկեք օրինականացնենք: Համահարթեցում իրականացնելը հարված է հասցնելու միջին եւ ցածր խավին, իսկ այդ խավերը կազմում են աշխատող բնակչության 65 տոկոսը: Պետք է այնպիսի նախագիծ ընդունվի, որ բխի հասարակության շահից»,- ասաց ցուցարարներից մեկը:

Հայկ Գեւորգյանն ասաց, որ իրենք պատրաստվում են եկամտային հարկը նվազեցնելով բարձրացնել հարստության եւ ճոխության հարկը: Այս քննարկման ժամանակ ցուցարարներից մեկի եւ Գեւորգյանի միջեւ եղավ թեժ քննարկում, որից հետո պատգամավորներից մեկը դուրս գալով ԱԺ-ից եւ ասաց, որ հարգալիք խոսի պատգամավորի հետ. «Ձայնդ մի՛ բարձրացրու պատգամավորի վրա»,- ասաց պատգամավորը:

Այնուհետեւ Բաբկեն Թունյանը շարունակեց բանակցել ցուցարարների հետ, եւ ասաց, որ  մինչեւ լիագումարը, ունենալու են մասնագիտական քննարկում, որտեղ կլինի միայն եկամտային հարկի թեման:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել ՀՀ կառավարության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բակում: Նրանք պահանջում էին չեղարկել եկամտային հարկի համահարթեցման ծրագիրը, եւ դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

«Նախագծին կողմ արտահայտվող յուրաքանչյուր պատգամավոր պետք է հստակ գիտակցի, որ ինքն անձամբ պատասխանատու է լինելու բնակչության մեծամասնության կյանքի որակի վատթարացման համար»,- ասում էին ակցիայի մասնակիցները: Նրանք վանկարկում էին՝ «համահարթեցում չի՛ լինելու», «Մակունց իջի՛»: