News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ- Իրան հարաբերությունների լարումը հասել է բարձր կետի եւ այդ լարումն ուղեկցվում է ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ  կոնկրետ գործողություններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ  Վարդան Ոսկանյանը, նշելով, որ եթե մեկից տասը վտանգավորության սանդղակով չափելու լինենք իրավիճակը, ապա այս պահին վտանգավորության աստիճանը յոթն է:

Նա հիշեցրեց, որ  ԱՄՆ լրացուցիչ զորակազմ է տեղակայում Մերձավոր Արեւելքում տեղակայում. «Բացի այդ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Ջոն Բոլթոնը  հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում նավակիրների խնդրում մեղավոր է Իրանը: Այս, ինչպես նաեւ այլ  գործողություներն ու քայլերը ստեղծում են Մերձավոր Արեւելքում բավականին ռիսկային իրավիճակ: Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ առայժմ զիջումների գնալու որեւէ պատրաստակամություն չեն ցուցաբերում: Իրանական կողմը պնդում է, որ ԱՄՆ վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ, որպեսզի դրանից հետո վերադառնան բանակցություններին, իսկ ԱՄՆ իր հերթին, առաջ է քաշում այլ նախապայմաններ, եւ այդ համատեքստում տեսանելի բարելավում առկա լարվածության մթնոլորտում չկա, նույնիսկ զգալի  ռիսկայնություն կա, որ տեղային մակարդակով կարող է տեղի ունենալ բախում, արբանյակային պատերազմ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, ինչը աղետալի հետեւանքներ կունենա ողջ Մերձավոր Արեւելքի համար»:

Ըստ Ոսկանյանի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներ համարվող Սաուդյան Արաբիան, Իսրայելը կաջակցեն ԱՄՆ -ին իրավիճակը վատթարացնելու գործում: « ԱՄՆ- Իրան լարվածությունում  իր հետաքրքրություններն  ունի նաեւ Թուրքիան, որը Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին կարողանում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և տնտեսական շահեր ստանալ: Հարավային Կովկասում էլ կան պետություններ, որոնք, եթե ոչ բացահայտ, ապա ծածուկ կերպով ուրախ կլինեն տեսնել թույլ Իրան, մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանին»:

Պատժամիջոցնեն անդրադառնում են Հայաստան- Իրան տնտեսական հարաբերությունների վրա

«Հայաստանի Հանրապետության շահերը պահանջում են հնարավորին կայուն եւ ուժեղ իրանական պետականության առկայություն մեր տարածաշրջանում,  հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ Հայաստան- Իրան սահմանի կենսական կարեւորությունը, թե անվտանգային, եւ թե տնտեսական առումով»,- նշեց Ոսկանյանը: 

Մինչդեռ օրերս Հայաստանի բանկերից մեկը իր հաճախորդներին առաջարկել է ձեռնպահ մնալ Իրանի հետ կապված բեռնափոխադրումների կամ Իրանի տարածքով փոխադրումների դիմաց բանկային հաշվեհամարով փոխանցումներ կատարելուց, քանի որ հնարավոր են փոխանցման չեղարկում կամ դրամանակն միջոցների սառեցում։

Անդրադառնալով այդ հանգամանքին՝ իրանագետը նշեց, որ մինչեւ պատժամիջոցների փուլը ինքն ու իր գործընկերները  զգուշացրել են, որ , հատկապես, բանկային համակարգի համար ստեղծվելու է բավական ռիսկային անհանգստացնող իրավիճակ, եւ այդ առումով  անհրաժեշտ էր որոշակի միջոցառումներ ձեռնարկել:

«Եւ այժմ էլ, թեկուզ մեկ բանկի հայտարարությամբ այդ խնդիրները կան, եւ այդ խնդիրները մինչեւ այդ էլ եղել են Հայաստանի բանկերում: Բնական է, որ մենք չպետք է տրվենք որեւէ ճնշման, հաշվի առնելով այն գործընկերային հարաբերությունները, որ ունենք ԱՄՆ-ի հետ, պետք է շատ խնդիրներում հստակեցնենք մեր դիրքորոշումները: Հայաստանը գտնվում է ադրբեջանաթուրքական շրջափակման մեջ, հետեւաբար, Իրանի հետ հարաբերությունները մեզ համար բացառապես տնտեսական չեն, այդ հարաբերություններն ապահովում են մեր պետականության, ՀՀ անվտանգության որոշակի բաղադրիչ այս տարածաշրջանում: Հետեւաբար, այդ հարցում  Հայաստանի վրա որեւէ ճնշում բանեցնելը  նույնիսկ հորդորների մակարդակով, ուղղակի անտրամաբանական է:  Հայաստանը պետք է դասվի բացառությունների շարքում, եթե նույնիսկ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ծրագրում է լարել իրավիճակը Իրանի հետ: Այստեղ մենք ունենք գերակտիվ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն»,-  ասաց Ոսկանյանը:

Պաշտոնական Հայաստանը լռում է՝ զբաղված լինելով ներքաղաքական խնդիրներով

Ըստ իրանագետի, այսօր արտաքին քաղաքականությունն անտեսված է, ինչը անհանգստացնող հանգամանք է. «Հասարակական տիրույթում մենք չունենք  այս խնդրի մասին բարձրաձայնողներ,  լռում են նաեւ պետական օղակները, օրինակ, խորհրդարանը, լռում են նաեւ այլ պատկան մարմինները: Պետք է հասկանալ, որ Հայաստնն ապրում է ոչ միայն ներքաղաքական խնդիրներով , այլ նաեւ մենք գտնվում ենք արտաքին քաղաքական բավական լարված եւ ինչ-որ առումով բավականին դինամիկ զարգացող  իրավիճակում: Խոսքը վերաբերում է թե Իրանի շուրջ զարգացումներին, թե Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին  եւ գործողություններին: Մենք ընդհանրապես չենք խոսում Թուրքիայի ներսում եւ այդ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք չափազանց քիչ ենք խոսում  Վրաստանի մասին: Ըստ էության մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք ներքաղաքական խնդիրների վրա, շատ դեպքերում ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նույնիսկ կենցաղային մակարդակի հասնող հարցերի վրա, քան  մեր արտքին քաղաքական միջավայրին, ինչը չի կարող հուսադրող եւ գոհացուցիչ լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ