News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մենք հավատում ենք, որ հայ ընտանիքների լավագույն ավանդույթները հիմնված են սիրո, համերաշխության եւ փոխադարձ հարգանքի վրա: Ուստի մեր խնդիրն է օգնել դժվարին իրավիճակում հայտնված ընտանքիներին՝ հաղթահարելու բռնության չարիքը, մեղմելու դրանից ծնված ցավը եւ խրախուսելու ընտանիքներին՝ ապրել երջանիկ եւ համերաշխ մթնոլորտում: Հայաստանի երջանիկ ընտանիքներն այն հիմքն են, որ կօգնեն մեզ իրագործել երջանիկ եւ բարեկեցիկ երկիր ունենալու մեր տեսլականը»,- այս մասին «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության  կենտրոնների ցանցի զարգացման նպատակով կարողությունների զարգացման եւ կենտրոնների մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ» եռակողմ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Հուշագիրը ստորագրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջեւ:

Նախարարը նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը, մասնավորապես՝ օրենքով սահմանված աջակցման կենտրոնների ստեղծմանը եւ դրանց կարողությունների զարգացմանը:

Նշենք, որ 2020 թ-ին հանրապետության բոլոր մարզերում կստեղծվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, որոնց գործունեության ապահովումը կպատվիրակվի հասարակական կազմակերպություններին: Նախատեսվում է նաեւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանի ստեղծում: Սրանք կլինեն պետական աջակցություն ստացող առաջին ապաստարանները Հայաստանում:

Ստորագրված հուշագրի շրջանակներում այս 6 կենտրոնների դասապատրաստողների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարը՝ 7,260,000 ՀՀ դրամի չափով,  կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Գումարը ներառում է վերապատրաստողների աշխատավարձը եւ վերապատրաստման կազմակերպման հետ կապված ծախսերը, ներառյալ՝ վերապատրաստվողների կացության եւ ճանապարհածախսը։

Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Մաթոսյանի, բարերաներին եւ նախարարության աշխատակազմին՝ համակարգված եւ նպատակային աշխատանքի համար, նշելով, որ հուշագիրը ընտանեկան բռնության կանխարգելման եւ վերացման ուղղությամբ եւս մեկ կարեւոր քայլ է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արդեն սահմանել է ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններին եւ դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, բացի այդ՝ Կառավարության որոշմամբ ընտանեկան բռնության ենթարկված անձինք առաջին անգամ կստանան նաեւ դրամական աջակցություն, որն ուղղված կլինի նրանց հրատապ խնդիրների լուծմանը, օրինակ՝ բնակտարածքի վարձակալությանը, առողջապահական ծառայությունների համար վճարմանը եւ այլն:

Տպել
Ամենաշատ