News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կամայական սպառող, հասարակական կազմակերպություն եւ յուրաքանչյուր քաղաքացի, երբ գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաեւ իրենից է կախված, մենք այս ոլորտում կունենանք արդյունք։ Այս մասին «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները եւ կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը քննարկմանն ասել է, որ օրվա խորհուրդն է Հայաստանում վեր հանել սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրները, փորձել համատեղ լուծումներ գտնել. «Պետք է համագործակցության բոլոր հնարավոր ուղիներով փնտրել եւ ունենալ սննդամթերքի անվտանգության կառավարման այնպիսի համակարգ եւ միջավայր, որպեսզի սպառողը վստահ լինի, որ սննդամթերքի արտադրությունից մինչեւ սպառման բոլոր օղակներում մեր սննդամթերքն անվտանգ է: Այսօրվա նպատակն է նաեւ տեսնել, թե ինչ անելիքներ ունենք կրթական համակրգում: Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ են դարձել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ մեր համատեղ միջոցառումները»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Սննդամթերքի անվտանգության օրը կարեւորելու եւ առաջին անգամ այն նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական, Տեսչական մարմնի ղեկավարը նշել է. «Օրը շատ ճիշտ կարգախոսով է սկսվել՝ սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է: Ունենալով 170 տեսուչ մենք չենք կարող լինել ամենուր, ամեն րոպե եւ վերահսկել ամեն ինչ, եթե չկա հասարակական վերահսկողություն: Կամայական սպառող, հասարակական կազմակերպություն եւ յուրաքանչյուր քաղաքացի, երբ գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաեւ իրենից է կախված, մենք այս ոլորտում կունենանք արդյունք»:

ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների եւ պետական վերահսկողության արդյունավետության մասին: Նա նշել է, որ երկրում սննդամթերքի անվտանգության ապահովումն ունի կարեւորագույն պետական նշանակություն: «21-րդ դարում սննդամթերքի անվտանգության խնդիրը ոչ պակաս արդիական է, չնայած մեր ժամանակի անվերջ գիտական եւ տեխնիկական ձեռքբերումներին: Տարվա ընթացքում 365 օր մենք զբաղվում ենք սննդամթերքի անվտանգությամբ, բայց սա եւս մեկ առիթ է, ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար»:

Միավորված ազգերի կազմակերպության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 7-ը պաշտոնապես ընդունվել է որպես Սննդաթմերքի անվտանգության միջազգային օր: Այս տարի այն նշվում է «Սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է» կարգախոսով: «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները եւ կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դասախոսներ եւ Տեսչական մարմնի աշխատակիցներ:

 

 

 

Տպել
Ամենաշատ