News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցը Պետերբուրգ շարունակվում է, այսօր նա հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ , նաեւ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի եւ «Յանդեքսի» գլխավոր տնօրենի հետ ։ Փաշինյանը այնուհետեւ շրջել է տնտեսական համաժողովին կից ցուցահանդեսի տաղավարներով եւ հարցազրույցներ տվել  «Եվրոնյուզին» եւ «Ռիա-նովոստիին»։ Նա Պուտնի հետ երեկվա հանդիպումից  որոշ մանրամասներ է պատմել, ասել, որ քննարկել են գազի գինը եւ ակնկալում է այնպիսի գին, որը չարգելակի մեր տնտեսության աճի տեմպը։ Պուտինի հետ խոսել են նաեւ սպառազինության մատակարարման մասին, եւ ըստ Փաշինյանի՝ հույս կա, որ էլի ինչ-որ բան կստանանք եւ ոչ փոքր բան։ Տնտեսական համաժողովում վարչապետը հանդես է եկել ելույթով, խոսել Հայաստանի տնտեսական բարեփոխումների ու սպասումների մասին ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ նաեւ հայտարարությամբ հանդես եկել։ Նա նախարարի մանդատը համարել է գերպատասխանատու, իսկ այն ստանձնելը իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն։ Ասել է՝ գոհ է այդ քայլից եւ շնորհակալ է վարչապետին իր թեկնածություն առաջարկելու համար։ Եվ այս տեքստն ավարտել է լավատեսությամբ․ «Վստահ եմ՝ լավ է լինելու, սակայն եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»,- գրել է նա:

Այնուամենայնիվ այդ ոչ կարճ հայտարարության մեջ Զեյնալյանը նույնիսկ չի ակնարկում, թե ինչու է թողնում պաշտոնը, եւ արդյոք գնում է իր ցանկությամբ է, թե վարչապետի։ Նրա հրաժարականի առնչությամբ կցկտուր պատասխան տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ասաց՝ իրենք մտահոգություններ են ունեցել։

Հրաժարական է տվել նաեւ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, ինչը, սակայն, նրա հայտարարությունից դատելով՝ անակնկալ չէր։ Նա գրել է՝ «սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները»:

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, հիմնական հարցը Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթն է, որ մինչեւ օրակարգ հասնելն արդեն բավական քննադատվել է, հատկապես որ նախատեսում է եկամուտների համահարթ հարկում, այսինքն՝ մի մեխանիզմ, որը կարող է խորացնել սոցիալական բեւեռացումը։ «Բարգավաճ Հայաստանը» արդեն կողմնորոշված էր եկել նիստին՝ դեմ են քվեարկելու։

Ազգային ժողովը 72 կողմ, 32 դեմ ձայներով ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեռեւս առաջին ընթերցմամբ։

Մեծ օպերացիա երեկ իրականացրեց ոտիկանությունը, տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին իրավախախտումների համար, եւ ինչպես Փաշինյանն էր հանձնարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա մեթոդներով՝ ասֆալտին պառկեցնելով ու թեւեր ոլորելով։ Սակայն երկաթից միայն իրավախախտները չէ, որ տուժեցին։ Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը «լայվ» մտավ եւ հայտարարեց՝ «հայտնաբերել եմ «սևազգեստների»՝ նկատի ունենալով հենց ոստիկաններին։ Նա պատմեց, որ հարբած ոստիկանները ծեծել են իր մերձավորին եւ կոտրել նրա քիթը։

Քիթ կոտրող հարբած ոստիկանների թեման հասավ խորհրդարան ։

«Մեր սեւ հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները»․ աեւազգեստների դեմ օպերացիային արձագանքեց նաեւ ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ մամուլի, մարտի մեկի գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը ճիշտ է թե ոչ, Ծառուկյանը չպատասխանեց, բայց հայտարարեց՝  մարտի 1-ին ոչ թինապահ է զինել, ոչ զինվորին սնունդ ուղարկել, եթե դրանք հաստատող փաստեր լինեն, թող իրեն գնդակահարեն։ Այդ օրը կառավարությունից իրեն զանգել կանչել էին, ինքն էլ գնացել էր կարճ ժամանակով․ միայն այդքանը։

«Մարտի մեկի» գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Երեկ երեկոյան դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշում կայացրեց կալանավորել ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին, որ մեղադրվում է Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատարանն այսօր վճիռ կայացրեց։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով, որ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն քննչական մարմին չպարտավորեցրեց վրացնել խախտումը։

Օրեր առաջ Մանվել Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ՝ հայտնելով, որ Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ եւ այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։ Այսօր Եվրոպական դատարանը  Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել, որ նա խոշտանգման է ենթարկվում։

Դոլարը թանկացել է, փոխարժեքն այսօրկազմել է 479 դրամ, եվրոն 539 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 609, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 37 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում եւ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ