News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այսօր՝ հունիսի 7–ին, հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:

Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:

Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին և հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին, ովքեր իրականություն են դարձրել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» կազմակերպումը։

«Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձևաչափով»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Այսօր երեկոյան մասնակիցների համար կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շնորհանդեսներ:

Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ