ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը դատապարտել է այսօր Աբովյանում քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան այրելու միջադեպը եւ այս կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես գրել է.

«Այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՔՊ ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։

Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում , ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։

Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ,ոչ էլ պապերից ստացված ժառանգություն։

ՀՀ Ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ գտնել և պատժել հանցագործներին»,- գրել է նա։

Դեպքի հետ կապված գրառում է կատարել եւ լուսանկարներ է հրապարակել նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:.

«Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում.

Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։

Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։

Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։

Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանում հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան, դեպքի վայրում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: