News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Արցախը միասին մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր են կազմում, այդ տարածքի ուղիղ կեսը պիտանի չէ գյուղատնտեսության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, գյուղատնտեսությունը զարգանում է մոտ 14 հազար քառակուսի կլիոմետրի վրա, որի 50 տոկոսը արոտավայրեր են, 37 տոկոսը կազմում են վարելահողեր եւ 3 տոկոսը՝ բազմամյա տնկարկներ:

Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ պետք է գյուղատնտեսական հողերը գույքագրել եւ գյուղացիներին տեղեկացնել, թե որ հողերում ինչպիսի գյուղատնտեսություն պետք է զարգացնել:

«Մենք տարիներ շարունակ չենք կարողանում էֆեկտիվ օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Գյուղացիները գյուղատնտեսությունը վարելու համար դեռեւս առաջնորդվում են ավանդական եղանակով, քանի որ  նորագույն տեխնոլոգիաները քչերին են մատչելի: Պատճառներից մեկը բարձր տոկոսով վարկավորումներն են, որոնց պատճառով գյուղացիական տնտեսությունները կորցրել են իրենց կարողունակությունը։ Այս պահին, երբ առաջարկվում են սուբսիդավորված վարկեր, որոնց պայմանները բավարար են, բայց գյուղացիները չեն կարողանում դրանցից օգտվել, քանի որ վճարունակ չեն։

Քանի դեռ գյուղացիները վստահ չեն, որ իրենց արտադրած ապրանքը կիրացվի, վերամշակվող ընկերությունները կընդունեն ու եղանակային պայմանների պատճառով «աշխատանքները ջուրը չեն ընկնի», նրանք առայժմ նախաձեռնություն հանդես չեն բերում»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով, առաջարկվող վարկերը գրեթե անմատչելի է գյուղացիների մեծ մասին՝ սեւ ցուցակներում լինելու եւ վարկերի ընթացակարգը  անհասկանալի լինելու պատճառով:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ մենք ոչ թե պետք է ինչ-որ ծրագիր մեխանիկորեն տեղափոխենք Հայաստան, այլ պետք է տեղայնացնենք: Անդրադառնալով ոռոգման համակարգին՝ պատգամավորը նկատեց, որ երեք հողակտոր ունենալու դեպքում երեքից երկուսը ոռոգելի չեն լինում: Նա նշեց, որ դրա պատճառը հնացված ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի նախկինում կոռումպացված լինելն է:

«Տարիներ շարունակ գյուղատնտեսությանը հատկացվում էր վառելիք, սերմեր, պարարտանյութ, բայց, քանի որ չարաշահումների փաստեր հայտնաբերվեցին, ծրագրերը դադարեցվեցին, այնինչ թերություններ հայտնաբերելու դեպքում ոչ թե պետք է ծրագիրը փակել, այլ թերությունները վերացնել: Այս պահին ոչնչով չենք կարողանում օգնել գյուղացիներին, միայն վարկեր ենք առաջարկում, սակայն պետք է այդ օգնությունն առարկայական լինի, եւ վարկային գործակալը պետք է գնա գյուղացու տուն: Ես կարծում եմ, որ մենք  գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի»,- ասաց նա:

 

Անդրադառնալով վարկերի «անհասկանալի» ընթացակարգերին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ, երբ գյուղացին ցանկանում է օգտվել այդ վարկային ծրագրից, բազմաթիվ հարցեր են առաջանում. «Կոնկրետ առաջարկվում է տոհմային տավարաբուծության ծրագիր, այն դեպքում, երբ այս տոհմային տավարաբուծությունը ենթադրում է կերային բազայի կարեւորություն, այսինքն՝ սրանք այն կենդանիներն են, որոնք չեն կարող մեր լեռնային պայմաններում գոյատեւել եւ ապահովել այն կաթնատվությունը, որ կա ծրագրով»։

Բագրատյանը նկատեց նաեւ, որ պետք չէ դրսից ամեն ինչ բերել եւ մեխանիկորեն պատճենել, քանի որ ծրագրեր կան, որոնք իրենց չեն արդարացնում այստեղ՝ օրինակ՝  «կան տնկիներ, որոնք բերվել են տարիներ առաջ ու Հայաստանի տարածքում քննություն չեն բռնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ