News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակիչները փակել էին՝ զոդման եղանակով, Գառնիից դեպի մարզի հարավային հատվածի բնակավայրերը ձգվող ջրատարի վրայի դիտահորի կափարիչը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել:

Գյուղացիները դժգոհ են գրաֆիկից: Նրանք գտնում են, որ «այնտեղ» շատ ջուր է հասում, մինչդեռ ԻՐԵՆՔ «ընդամենը» ժամը 7.00-15.00 են ջուր ստանում: Ըստ նրանց՝ դա խիստ անարդար է, չէ՞ որ մայրուղային ջրատարը հենց ԻՐԵՆՑ գյուղի հարեւանությամբ է անցնում: Հետեւաբար, հենց ԻՐԵՆՑ է վերապահված առաջինն այդ ջրից օգտվելու իրավունքը՝ շուրջօրյա եւ ըստ պահանջի: Որից հետո միայն կարելի կլինի «մնացածը» տալ հարեւան գյուղերին: Թե որքան կլինի այդ «մնացածը»՝ քաղցրաշենցիներին առանձնապես չի հուզում:

Չի հուզում նման «մանրուքը» նաեւ խարբերդցիներին, ովքեր գրեթե ամենօրյա ռեժիմով «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարի վրա՝ Նուբարաշենի խճուղու մոտ դիտահորի փականի բացվածքը «ճշգրտում են»՝ ի օգուտ Նոր Խարբերդի: Ի լրումն 80 լիտր վայրկյանում ջրաքանակի՝ հասանելիքն ավելացնելով 50-60 լիտրով:

Նրանց ապօրինության հետեւանքով նույնքանով նվազում է Երեւանի Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններին տրվող ջուրը:

Իսկ «Վեդի Ալկո» ձեռնարկությանը հարակից Բանավանի բնակիչներն իրենց խնդրի լուծումը տեսնում են հարեւան Փոքր Վեդի եւ Լուսառատ գյուղերն անջուր թողնելու մեջ: Եվ նորից նույն՝ դեպի նշված բնակավայրերը ձգվող խողովակաշարի դիտահորի փականի աշխատանքին միջամտելու եղանակով: Քիչ չեն նման դեպքերը նաեւ այլ տարածաշրջաններում: Այսպես, Կոտայքի մարզի Արզնի ավանում «Վեոլիա Ջուրը» ցանկանում էր երկու վթարված եւ զգալի հոսակորուստների հանգեցնող ջրագծեր ապամոնտաժել: Ընդ որում, սպառողը չէր տուժելու, նրա գրաֆիկն ապահովվելու էր այլ ջրագծերի միջոցով: Սակայն երբ երեկ ընկերության աշխատակիցները գնացին գործ ավարտին հասցնելու, «վտանգի հոտ առած» բնակիչները միահամուռ ոտքի ելան: Ու հերոսաբար հաղթեցին: Առանց հասկանալու, թե ում եւ ինչու:

Ցավոք, այս ամառային շոգ օրերին գյուղը որոշ տեղերում կանգնել է ու իր իմացածով գերան է կոտրում: Դրանով պայմանավորված, ամենուր չէ, որ Վեոլիա ջրին հաջողվում է օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնել: Ավելին, երբեմն գործը համակարգի աշխատակիցների անվտանգությանն է հասնում, որով պայմանավորված, ընկերությունը խուսափում է իրավիճակի հետագա սրացումից: Անգամ ոստիկանների եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատարների ներկայությունը երաշխիք չէ կոնֆլիկտային իրավիճակների հարթմանը:

Հարց է առաջանում, նման պայմաններում արժե՞ արդյոք զարմանալ, եթե այս ամառային օրերին ջրամատակարարման գրաֆիկի ապահովման հարցում որոշ բնակավայրերում առաջանան խնդիրներ:

Տպել
Ամենաշատ