News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց Աբովյանի քաղաապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը քվեարկել է հանուն Աբովյանի շարունակական զարգացման:

Անդրադառնալով հունիսի 8-ին Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբներից մեկի պետի հետ կապված միջադեպին՝ Գեւորգյանը դատապարտեց այն եւ ընդգծեց, որ իրենց ձեռնտու չէր ընտրություններից մեկ օր առաջ նման միջադեպի գրանցումը:

«Ինքս դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը, համենայն դեպս գնահատականը կտան իրավապահները, կարծում եմ նորմալ, խոհեմ ցանկացած մարդ դատապարտում է նման արարքը»,- ասաց նա:

Արձագանքելով ԲՀԿ-ի աջակցության մասին լուրերին՝ Վահագն Գեւորգյանը նշեց, որ երեբեւէ կուսակցական չի եղել եւ այժմ էլ առաջադրվում է որպես անկուսակցական:

Հարցին՝ ՔՊ-ական Գրիգոր Գուլյանի օգտին արդյոք վարչական ռեսուրս է կիրառվել, Գեւորգյանը պատասխանեց․ «Կոտայքի մարզպետն արձակուրդ է վերցրել ու լծվել այս գործընթացին, գնահատականը թողնում եմ ձեզ»։

Վահագն Գևորգյանը այս ընտրությունները հնի ու նորի պայքար չհամարեց եւ արձագանքելով դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հեղափոխությունը Աբովյան չի հասել, ասաց․ «Հեղափոխության առաջնորդին հարգում եմ, հարգում եմ  հեղափոխության արժեքները, բայց կան մարդիկ, որոնք ամենևին կապ չունեն հեղափոխության հետ։ Կարծում եմ՝ հեղափոխություն Աբովյան քաղաքում եղել է 4 տարի առաջ, որովհետև 4 տարի մեր համայնքի բյուջեն ոչ մի տողով չի խաթարվել, ունենք 100-ից ավել կատարողական։ Վերջում էլ լայնածավալ ստուգումներ եղան և 6 մլրդ շրջանառությունից 1 լումա չարաշահում չի հայտնաբերվել»։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի  նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը:

Տպել
Ամենաշատ