
Հայաստանը փորձում է իր շահերի առաջմղման համար օգտագործել տարբեր միջազգային հարթակներ: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Պետեբուրգյան տնտեսական համաժողովին՝ Մնացականյանը նշեց, որ Երեւանն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ տարբեր տնտեսական խնդիրներ լուծելու համար: «Սրանից մի քանի ամիս առաջ վարչապետը մասնակցել էր Դավոսի համաժողովին: Սա նման ակտիվության ոչ առաջին եւ ոչ էլ վերջին օրինակն է: Մենք այսուհետեւ եւս կմասնակցենք նման մասշտաբային միջոցառումներին՝ գործընկերներին բացատրելով մեր առավելություններն ու հնարավորությունները»,- հավաստիացրեց ԱԳ նախարարը:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանը միջազգային համագործակցությունը զարգացնում է բազմաթիվ ուղղություններով, եւ Երեւանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերությունները չզարգանան ի վնաս մյուսների: Նախարարն այսպես մեկնաբանեց Սանկտ Պետերուրգում Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը աշխարհաքաղաքական խաղեր չի խաղում: Զոհրաբ Մնացականյանը հավաստիացրեց, որ այս մոտեցումը կշարունակի առանցքային մնալ հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: