2015 թվականից սկսած, երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, նրա եւ մնացյալ անդամ պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը ամեն տարի աճել է միջինը 34 տոկոսով: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումը կրկնակի աճել է: Միայն 2018 թվականին Հայաստանից արտահանման ծավալն աճել է 20,7 տոկոսով: «Անչափ կարեւոր է արձանագրել, որ արտահանվել են հիմնականում վերջնական սպառման ապրանքներ: Լեռնահանքային հումքը արտահանման ընդհանուր ծավալում կազմում է շատ աննշան բաժին՝ 1,1 տոկոս: Սա խոսում է այն մասին, որ հայկական արտադրության ապրանքները մրցունակ են եւ պահանջարկ ունեն»,- պարզաբանեց նախարարը:
Խաչատրյանի խոսքով՝ ԵՏՄ գործունեության առաջնային ուղղությունն է մինչեւ 2025 թվականը առանցքային ապրանքների ընդհանուր շուկաների ստեղծումը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է գազի, նավթի եւ նավթամթերքների միասնական շուկային, ինչպես նաեւ էլեկտրաէներգիա արտադրողների գործելու հավասար պայմանների ստեղծմանը: