
Հայաստանում հեղափոխությունն առանց արտաքին միջամտության է տեղի ունեցել: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են եւ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, եւ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է առանց որեւէ բռնության:
Ուզում եմ ասել, որ այս գործում ամենեւին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որեւէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման գործում:
Եվ սա վճռական նշանակություն է ունեցել նրանում, որ, ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձեւավորել կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական, օրենքի գերակայությամբ երկիր, որտեղ մարդկանց համար պետք է հնարավորություն լինի զարգացնել, իրացնել իրենց տաղանդը, եւ դրանով բարձրացնել երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: