
Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի: Իտալական ընկերությունները Հայաստան են եկել շատ լավ ժամանակահատվածում՝ այն իմաստով, որ բիզնես վարելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ քաղաքական-իրավական պայմանները: Այս մասին հունիսի 10-ին հայ-իտալական բիզնես համաժողովում հայտարարեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
Դիվանագետի խոսքով՝ համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, ինչպես նաեւ նրա գործունեությունը վկայում են այն մասին, որ Երեւանի եւ Հռոմի հարաբերությունները ուղղված են երկու երկրների միջեւ բիզնես միջավայրի բարելավմանը:
Դեսպանը հիշեցրեց, որ սա համանման առաջին բիզնես համաժողովն է: «Համաժողովին Իտալիան մասնակցում է բավականին տպավորիչ ներկայացուցչությամբ: Բիզնեսի ներկայացուցիչների միջեւ ընդհանուր կկազմակերպվի 1193 հանդիպում: Փորձ կարվի ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ ոլորտների վրա: Հանդիպումներ կլինեն նաեւ Գյումրիում»,- եզրափակեց դեսպանը: