News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Սա իշխանությունների կողմից Աբովյան քաղաքում խայտառակ ընտրությունների պատասխանն է, որն ինձ հիշեցնում է հոգեվարքի մեջ գտնվող մարդու ինչ-որ ջղաձգումներ։  Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը՝ խոսելով «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու մասին: Նշենք, որ այսօր Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար»։

«Սա ինձ հիշեցնում է հոգեվարքի մեջ գտնվող մարդկանց խմբի կամ մի մարդու ջղաձգումներ: Բոլորս էլ գիտենք՝ երբ ինչ-որ խնդիր է առաջանում մեր երկրում, այդ խնդիրը լուծելու փոխարեն գործող իշխանությունը նախընտրում է մարդկանց պառկեցնի ասֆալտին, ձերբակալի, քարշ տա, տանի-բերի։ Աբովյանում Նիկոլ Փաշինյանը խայտառակ պարտություն կրեց: Հենց Նիկոլ Փաշինյանը պարտություն կրեց,  որովհետև անձամբ էր այդ անհայտ թեկնածուի քարոզարշավն անում և հիմա այդ խայտառակությունը կոծկելու համար ջղաձգումների ու ռեպրեսիոն մեխանիզմներ է կիրառում»,- ասաց Մալյանը եւ նշեց, որ Արթուր Դանիելյանը բռնության կոչ չի արել. «Ազատության հրապարակում, երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցների բողոքի ակցիան էր տեղի ունենում, հնչեցին բռնության կոչեր Բակո Սահակյանի հասցեին, եւ իրավապահ մարմինները լուրջ քայլ չձեռնարկեցին: Մենք ոչ մի տեղ չենք գնալու, մինչեւ Արթուր Դանիելյանը ոստիկանության շենքից դուրս չգա: Եթե իշխանությունն այսպիսի անհեթեթ խաղի կանոններ է թելադրում, ապա սիրով մենք ընդունում ենք: Կտեսնենք՝ ում ճակատն ավելի պինդ կլինի»,- ասաց Մալյանը եւ ավելացրեց, որ այս քայլով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտի մեջ պահել հասարակությանը։

«Կարծում եմ՝ լավ կհիշեք, որ երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցների խումբը ցույց է կազմակերպել Ազատության հրապարակում, հնչեցին բռնության կոչեր Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ, և ցուցարարներից մեկը հայտարարեց, որ ժամանակն է եկել «քարով ցխելու Արցախի նախագահի գլուխը»։ Երեկ Արթուր Դանիելյանն ուղիղ եթերով խոսել էր և ասել, որ նման կոչերն անընդունելի են, և քաղաքականության հետ կապ չունեն, ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ իրենք էլ իրենց համակիրներին կոչ անեն ցխել Նիկոլ Փաշինյանի գլուխը։ Ըստ էության՝ այս հայտարարությունը բռնության կոչ չէ, այլ բռնության կոչին դեմ է»,- ընդգծեց Նարեկ Մալյանը։

«Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը ինչից ա տենց շատ վախեցել: Ես կարամ իրան լավ վախ բռնողի մոտ տանեմ: Էական չէ, թե Դանիելյանին ինչով կձերբակալեն, էականն այն է, որ Արթուր Դանիելյանին ձերբակալելու նպատակը իր նկատմամբ ճնշումների միջոցով նրան լռեցնելն ա, որը չի հաջողվի»,- ասաց նա:

«Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ ոստիկանները գրասենյակ մուտք գործել են առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, ձեռնաշղթաներով ու կոպիտ ձևով է ձերբակալել Արթուր Դանիելյանին։

«Մենք վստահ ենք, որ սա քաղաքական հետապնդում է, ու Նիկոլ Փաշինյանի բեմադրած քաղաքական հերթական կրկեսի ներկայացումը, որովհետեւ մենք տեսել ենք համարժեք օրինակ Ջիվան Աբրահամյանի կողմից, բայց նրան ոչ մեկ ձեռնաշղթաներով չէր ձերբակալվել՝ նրան պարզապես հրավիրել էին ոստիկանություն և բաց էին թողել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում նրա կողմնակիցներին կարելի է հայտարարություն անել, բայց հենց Փաշինյանի նկատմամբ դա արվի, հետեւում են շատ իռացիոնալ չոր սանկցիաներ, ինչը, ըստ իս՝ շատ ծիծաղելի է»,- ասաց նա եւ նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ Դանիելյանը սպառնացել է որեւէ մեկին.

«Մոտավորապես այսպիսին էր Դանիելյանի միտքը, հնարավոր է, որ գա մի օր երբ մենք ստիպված կլինենք անել կոչ, այսինքն՝ կոչ չի հնչել: Ըստ այդմ՝ մեր գործողությունները պետք է լինեն շարունակական, մենք տեսնում ենք իշխանությունը խիստ ջղաձգվում է մեր գործողություններից, եւ մենք համարում ենք, որ դա գլխավոր ինդիկատորներից է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: Նրանք տեսնում են, որ իրենց ուժը պակասում է, եւ մերը ուժը՝ շատանում, դրա համար վախի մթնոլորտ են ստեղծում հասարակության մեջ, որպեսզի տատանվող մարդկանց վախեցնեն, եւ հեռու պահել մեզ զորակցելուց»,- ասաց Տեր-Նակալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ