
Միջուկային գործարքի հանդեպ Վաշինգտոնի մոտեցումն ապացուցում է, որ բանակցություններն անիմաստ են: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Թեհրանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է PressTV-ը:
«Ամենից առաջ, մենք ունենք այդ համաձայնագիրը, որը 2 տարվա բանակցությունների եւ 12 տարվա դիվանագիտական աշխատանքի արդյունք է: Մի՞թե ԱՄՆ-ն այն իրականացրել է, եւ այժմ ակնկալում է այլ հարցերով բանակցություններ: Նախ նրանք պետք է ապացուցեն, որ բանակցություններն օգուտ կբերեն»,- ասել է Զարիֆը:
Զարիֆը միջուկային գործարքի պահպանումն ու տարածաշրջանում լարվածության կանխումը Իրանի եւ Գերմանիայի կառավարությունների գլխավոր նպատակն է անվանել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանին:
«Այդ պատերազմը վտանգավոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի եւ աշխարհակարգի համար: Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, իսկ Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցները դա ապացուցել են»,- ասել է նա: