News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այն պահին, երբ ես հայտարարել եմ, որ հրաժարականի հիմքեր չեմ տեսնում եւ կառավարությունում իմ գործունեությունից գոհ են, դա համապատասխանում էր այդ պահի իրողություններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ես գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը՝ հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ հրապարակումների մասին է հատկապես խոսքը, Զեյնալյանն ասաց. «Այն ամենը, ինչ գիտեք եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն գիտական հիմք, այդ ամենը ուսումնասիրելով ես նպատակահարմար եմ գտել ներկայացնել հրաժարականի դիմում»։

Նրա փոխանցմամբ՝ իր հրաժարականի դիմումի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իմացել է. «Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր, վարչապետը տեղյակ էր, որ ես ներկայացնելու եմ հրաժարականի դիմում»։

Հարցին՝ վերականգնելու է իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը, Զեյնալյանը պատասխանեց. «Ես կառավարության անդամ եմ, ես նախարար եմ, քանի դեռ նախագահի հրամանագիրը չի եղել, գործնականում կասեցված է իմ կուսակցական գործունեությունը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մտափոխվի, նա պատասխանեց. «Հիմա որոշում ընդունելու հերթը վարչապետին ու նախագահինն է»։

Զեյնալյանը հերքեց այն խոսակցությունները, թե ինքը դառնալու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ. «ԲԴԽ նախագահի պահանջներին չեմ բավարարում, չեմ կարող հավակնել այդ պաշտոնին»։

Դիտարկմանը, որ ինքը հրաժարվելով իր կուսակցությունից՝ ժեստ արեց իշխանություններին, սակայն հիմա հեռանում է արդարադատության նախարարի պաշտոնից, նա անորոշ արձագանք տվեց. «Ոչ»։

Զեյնալյանը նաեւ պնդեց՝ ոչ ոքից ոչ մի նեղացվածություն չկա։

Դիտարկմանը, թե իր հրաժարականը պայմանավորված էր դատարանների արգելափակման ակցիայի հետ, նա պնդեց, որ այդ ակցիայի հարցում իր դիրքորոշումը նույնն է.  «Պետական կառավարումը դա գիտություն է, գիտակարգ է, իրավաբանությունը եւս, սրանք պետք է զուգակցել, ես տիրապետում եմ իրավունքների պաշտպանության գործիքակազմին, եւ պետք է Հայաստանի Հանրապետությանը զերծ պահեմ հնարավոր բացասական հետեւանքներից, եւ յուրաքանչյուրը պետք է այդպես վարվի։ Օրենքը պետք է ընդունվի օրենքի ընդունման համար նախատեսված ընթացակարգով եւ ժամկետներում, չի կարող օրենքն ընդունվել մեկշաբաթյա ռեժիմով, այն պետք է ներկայացվի հանրային քննարկման։ Կան օրենքներ կամ քաղաքական լուծումներ, որոնք քաղաքացիական հասարակության մեջ առաջացնում են սուր մտքերի բախումներ, սրանց միջից պետք է ընտրվի ոչ միայն  իրավաչափը՝ սահմանադրությանը համապատասխանող, այլ նաեւ քաղաքական տեսակետից հասարակությանը բավարարողը, այս ամենի համադրումը եղել է ե՛ւ իրավաչափ, ե՛ւ համապատասխանող պետական կառավարման գիտակարգին»։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Զեյնալյանը գրել էր. ««Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», - գրում է Զեյնալյանը՝ ամփոփելով․ - «Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ