News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի ամբողջ մարզում հակակարկտային որեւէ կայան չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հունիսի 8-ին Գավառ քաղաքում և հարակից համայնքներում տեղացած կարկուտին։

Սանոսյանի խոսքով՝ երբ ժամանակին հակակարկտային կայաններ են սկսել տեղադրել մարզերում, հաշվի են առել եղանակային պայմանները, մշակաբույսերի տեսակը։ Դա է պատճառը, որ Գեղարքունիքը դուրս է մնացել, եւ այնտեղ չի տեղադրվել որեւէ կայան։

«Կայաններ տեղադրել, թե ոչ։ Հիմա մենք այդ հարցը քննարկում ենք։ Ոլորտում տարակարծություն կա։ Եղածները այն էֆեկտիվությամբ չեն ազդում, ինչը, որ ցանկալի է, եւ կան մի շարք մասնագետներ, որոնք այլ տարբերակներ են առաջ քաշում։ Կարկուտը 1 րոպեի ընթացքում 1 տարվա աշխատանքը կարող է ջուրը գցել»,- ասաց մարզպետը եւ նշեց, որ այս պահին մարզում ստեղծվել է մարզային եւ համայնքային հանձնաժողով, որոնք էլ գնահատում են կարկուտի հասցրած վնասի չափը։

«Տեղացած կարկուտից 3-4 օր անց մարզպետարանին կներկայացնեն վնասի չափը։ Կառավարությունը որոշակի գումար է հատկացնում փոխհատուցման համար։ Անցած տարի առաջին անգամ փոխհատուցվեց վնասը։ Հիմա նույն կարգով կրկին արձանագրում ենք, ուղարկում ենք կառավարությանը»,- ասաց Սանոսյանը եւ ավելացրեց, որ ըստ իր գնահատականի՝ վնասի չափն այս անգամ բավականին բարձր է։

Տպել
Ամենաշատ