News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թմրանյութերով փաթեթներում, որոնք առգրավվել էին «Մեդուզայի» թղթակից Իվան Գոլունովի խուզարկության ժամանակ, հայտնաբերվել է մի քանի մարդկանց ԴՆԹ, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Առայժմ հայտնի չէ, թե ում են կոնկրետ պատկանում ԴՆԹ նմուշները: Փորձաքննությունն ամբողջությամբ կավարտվի այսօր՝ հունիսի 11-ին, օրվա երկրորդ կեսին: Գերատեսչությունից հայտնել են, որ հետազոտության արդյունքներն անմիջապես կհրապարակվեն:

Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին, Մոսկվայում: Անձնական զննությամբ նրա մոտից առգրավվել է 4 գրամ մեթիլէֆեդրոն, իսկ տանը եւս 5 գրամ կոկաին եւ էլեկտրոնային կշեռք: Լրագրողին առաջադրվել է խոշոր չափով թմրամիջոցների իրացման մեղադրանք: Հունիսի 8-ին Նիկուլինսկի դատարանը նրան նկատմամբ 2 ամսով տնային կալանքի խափանման միջոց էր ընտրել:

Լրագրողն իր մեղքը հերքում է: Նա դատարանում հայտարարել է, որ երբեք թմրանյութեր չի գործածել: Նրա ափերին եւ եղունգներում թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Թմրանյութ չի հայտնաբերվել նաեւ մեզում, որը հանձնել է ձերբակալվելուց անմիջապես հետո:

Գոլունովի ձերբակալության հանգամանքները եւ դրան հաջորդած ՆԳՆ գործողությունները հարուցել են նրա գործընկերների քննադատությունը, որոնք մայրաքաղաքում ոստիկանության շենքի մոտ նստացույցեր էին կազմակերպել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել լրագրողի նկատմամբ ուժի կիրառման փաստը քննելու խնդրանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ