News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է երկարատև կալանք կրելու հետևանքով։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությանը հայտարարեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանը, երբ մեկ տարի առաջ կալանավորվեց, նրա արյան մեջ շաքարի մակարդակը 7 էր, հիմա հասել է 27–ի»,–ասաց նա՝ նկատելով, որ, եթե իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ լիներ, ՄԻԵԴ–ը նրա վերաբերյալ միջանկյալ որոշում չէր կայացնի։

Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանին հունիսի 4–ին հարկադրաբար են «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նրա վիճակն ավելի է վատթարացել։ «Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է 24 ժամյա արհեստական շնչառության տակ»,–ասաց նա։

Անդրադառնալով դատախազի այն պնդմանը, որ Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոցում» հրաժարվել է դեղորայք ընդունել, Արսեն Մկրտչյանն ասաց, որ Գրիգորյանը դեղամիջոցներից հրաժարվել է այն բանից հետո, երբ պաշտպաններին թույլ չեն տվել տեսակցել նրան։

Այսօրվա նիստում պաշտպանական կողմը դատարանին տրամադրեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև ՄԻԵԴ–ի՝ Գրիգորյանի գործով ժամանակավոր միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ որոշումը։

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ դատարանը կդիմի ՔԿՀ–ին՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։ Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 17–ին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն ժամանակավոր միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբեյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:

Մանվել Գրիգորյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 17–ին։

Տպել
Ամենաշատ