News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր դատարան էր ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։

Նշենք, որ Իսախանյանն այն անձն է, ում սկանդալային լուսանկարները վերջերս տարածվել էին համացանցում։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել:

Գրության մեջ դատապարտյալը, մասնավորապես, հայտնել է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել 1 պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը, եւ չգիտեմ` ինչու դատակոչի ցուցկում չկամ: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավվել դատակոչի ենթակա անձ տուժող: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը եւ կից ներկայացրել լուսանկարներ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել Իսաանյանին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա:

Նշենք, որ Իսախանյանը սույն գործի անջատված մասով որեւէ դատավարական կարգավիճակ չունի: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել, եւ այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

Նշենք, որ Իսախանյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։  2014թ. նախորդ դատվածությունը չմարված՝ նա դատապարտվել է մեկ այլ հանցանքի՝ խարդախություն կատարելու համար։ Նախորդ պատժաչափին գումարվել էր նորը եւ նա դատապարտվել էր վեց տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։

Տպել
Ամենաշատ