News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վեթինգի ալբանական փորձը, որն այդքան հաճախ վկայակոչում են նրա կողմնակիցները, բազմաթիվ հարցեր է առաջացնում: Վեթինգի եւ անցումային արդարադատության հարցերով կլոր սեղանին այս մասին հայտարարեց արդարադատության նախկին նախարար, այժմ հկ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եթե անգամ համաձայնվել նրա հետ, որ կոռուպցիան եւ Հայաստանում բարեհուսության պակասը դատարանների վեթինգի համար առիթ են, ապա հարկավոր է ավելի ուշադիր ծանոթանալ Ալբանիայի փորձին, նախքան եզրակացություններ անելը:

Ալբանիայում վեթինգի նեդնման նախապատմությունը սկիզբ է առնում 2010-ին ԵԽԽՎ-ում ներկայացված «Կոսովոյում օրգանների վաճառքը եւ թրաֆիքինգը եւ դրանում Ալբանիայի դերը» զեկույցից: Ալբանիայի պաշտոնյաները, որոնք պետք է պայքարեին այդ հանցագործությունների դեմ, ընդհակառակը, ներգրավված էին բոլոր տեսակի հանցագործությունների մեջ եւ սերտորեն կապված էին մաֆիայի հետ: «ԵԽԽՎ շվեյցարացի պատվիրակի կողմից ներկայացված «Անմարդկային վերաբերմունքը և մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը» վերտառությամբ զեկույցում մանրամասն ներկայացվում էր, մասնավորապես, Ալբանիայի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի անթույլատրելիության վերաբերյալ բազմաթիվ փաստեր և կոչ էր արվում Ալբանիայի և Կոսովոյի իշխանություններին, որպեսզի վերջիններս քայլեր իրականացնեն իրավիճակը շտկելու վերաբերյալ։ Քանի որ այստեղ ստանդարտ գործիքակազմերն ըստ էության օգտակար լինել չէին կարող, այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է պայքարեին դրա դեմ, սերտաճած էին հանցավոր շրջանակների ու մաֆիայի հետ, այստեղ պետք էին արմատական քայլեր»,- ասաց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Անգամ 2018-ին ԱՄՆ Պետդեպի զեկույցում ասվում է, որ Ալբանիան շարունակում է չկատարել թրաֆիքինգի դեմ պայքարում իր պարտավորությունները, իսկ ալբանական հանցավոր խմբավորումները թմրանյութերի շրջանառության առաջատարների թվում են:

2014 թ. հաջորդեց ԵՄ հատուկ զեկույցը  Ալբանիայում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին, դրված էր  ԵՄ-ում Ալբանիայի  անդամակցության թեկնածության չեղարկման հարցը:

Ալբանիայի խորհրդարանում ստեղծվել էր բարեփոխումների նախագծի նախապատրաստման հանձնաժողով: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ վեթինգը լուծումներից միայն մեկն է, որն առաջարկել էին երկրի իշխանությունները  եւ հանձնաժողովը: Սակայն վերը նշված պատճառները եւ մաֆիայի հետ պաշտոնյաների կապերը դարձել էին որոշման ընդունման պատճառ: Ալբանիայում վեթինգն անհրաժեշտություն էր ԵՄ անդամակցության թեկնածության պահպանման համար»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Պատահական չէ, շարունակեց նա, որ վեթինգի արդյունքներով առաջին ազատվածներից մեկը ՍԴ անդամ էր, որը հայտնի էր քրեական աշխարհի հետ իր կապերով:

Ալբանիային 3 տարի էր պահանջվել բնակչությանը նախապատրաստելու համար: Կարեւորը՝ երկրում կոնսենսուս կար այդ հարցով: Բուն աշխատանքները սկսվել էին 2017-ին: Վեթինգի պետք է ենթարկվեն ավելի քան 800 պաշտոնայներ եւ դատավորներ, դատախազներ:

Արդեն կատարվել է 280 գնահատական, 140 գործ է ուսումնասիրվել: 88 պաշտոնյա զրկվել է պաշտոնից: Ալբանիայում վեթինգն անցկացվում է 3 ուղղությամբ՝ մասնագիտական պիտանիություն, եկամուտներ եւ դրանց համապատասխանում հայտարարագրին, մասնակցություն կազմակերպված հանցավորությանը: Ընդ որում՝ բավական է մեկ լուսանկար հանցավոր աշխարհի հետ կապի հաստատման համար:
Ալբանիայում վեթինգն անցկացնում է անկախ հանձնաժողովը: Զուգահեռ գործում է բողոքարկման հանձնաժողովը եւ երկու հանրային հանձնակատար, որոնց կարելի է փոխանցել բողոքը: Այս ամենին հետեւում է եվրոպական մոնիթորինգային մարմինը:

Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ այս ամենով հանդերձ՝ Ալբանիան բախվել է բազմաթիվ խնդիրների: Սահմանադրական դատարանը, զրկվելով դատավորներից, դադարել է գործել, մոտ 23 հազար քաղաքացիներ իրենց ճակատագրին են սպասում, արդարադատությունը փաստացի կաթվածահարված է: 

«Ալբանիայում գործընթացը շարունակվում է: Եվ այստեղ հարկ է հարց տալ՝ մարդիկ կարո՞ղ են արդյոք անորոշ ժամանակ սպասել դատին կամ խափանման միջոցի որոշմանը: 2018 թվականի հուլիսին Ալբանիայի իշխանությունները օերնսդրական փաթեթ ներկայացրին, որով առաջարկում էին դատավորներին նշանակել հին կարգով՝ այն պատճառով, որ արդարադատությունը կաթվածահարված էր: Ընդդիմությունը վրդովվեց, եւ փաթեթը ձախողվեց»,- նշեց նախկին նախարարը՝ շեշտելով, որ վեթինգը պետք է դիտարկել որպես բացառիկ եւ ժամանակավոր միջոց: 
«Եվ պետք է պատասխանել հարցին՝ Հայաստանում դրա անհրաժեշտությունն արդյոք կա՞»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շատ հարցեր են ծագում՝ ինչպե՞ս եւ ո՞վ է իրականացնելու վեթինգը, ի՞նչ անել դատական համակարգի կաթվածահարման սպառնալիքի դեպքում: Եվ եթե վեթինգը Ալբանիայում ուղեգիր էր դեպի ԵՄ, ապա մեզ ո՞ւր կտանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ