News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարկ ունենալ դեռեւս չի նշանակում չլինել սոցիալապես անապահով։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ երկրում նպաստառուներ կան, ովքեր 1 միլիոն դրամի եւ ավելի վարկեր են փակում, եւ պետք է ստուգել՝ արդյոք նրանք իրապես նպաստ պետք է ստանան, թե ոչ։

Նրա խոսքով՝ վարչապետի խորհրդականի ղեկավարությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է այս հարցով։

«Վարկի առկայությունը որոշակի հարցադրումներ է առաջացնում, բայց այնպես չէ, որ պետք է ասենք՝ վարկը առկա է, ուրեմն նպաստ չպետք է լինի։ Այստեղ խորքային վերլուծությունների անհրաժեշտություն կա»,– ասաց Սաիյանը։

Նա հույս հայտնեց, որ 2020թ.–ին գործ կունենանք նպաստների վճարման նոր ընթացակարգերի հետ։

«Օրինակ, որպեսզի մարդն իր հոսանքի ծախսի վերաբերյալ տեղեկատվությունը, ոչ թե ներկայացնի կտրոնի կամ փաստաթղթի ձեւով, այլ ինքնաշխատ եղանակով մենք ստանանք եւ այն կիրառենք»,– ասաց Սաիյանը։

Խոսելով աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումներից՝ փոխնախարարն ասաց. «Նվազագույն աշխատավարձի հետ կապված արդեն կա համապատասխան նախագիծ, որի շրջանակներում կազմակերպվում են քննարկումներ եւ կկայացվեն համապատասխան որոշումներ։ Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է. 2020թ.–ին մենք ականատես կլինենք կենսաթոշակի չափերի բարձրացմանը»։

Նրա խոսքով՝ բոլոր կենսաթոշակները բարձրացնելու համար անհրաժեշտ է շուրջ 30 միլիարդ դրամ։

«Վերջին շրջանում մենք արձանագրում ենք կենսաթոշակառուների թվաքանակի աճ, որը եւս բերում է լրացուցիչ ծախսերի։ Եթե 2019թ.–ի հունվարի 1–ի դրությամբ մեր աշխատանքային կենսաթոշակառուների թիվը կազմել է շուրջ 458 հազար անձ, ապա հունիսի 1–ի դրությամբ արդեն ունենք շուրջ 460 հազարից ավելի կենսաթոշակառուներ, եւ այդ տենդենցը շարունակվում է»,– ասաց փոխնախարարը։

Սաիյանը ներկայացրեց նաեւ աղքատության ցուցանիշը. «2018–ին 3.2 տոկոսով կրճատվել է աղքատությունը, եթե նայում ենք ԱՎԾ–ի ցուցանիշը, ապա 29.4–ից աղքատությունը դարձել է 25.8 տոկոս»։

Տպել
Ամենաշատ