News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հանրային փակ վայրերում ծխելն արգելող օրենքի նախագծի վերջին լրամշակումը մի քանի օր առաջ կառավարություն է ուղարկվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ծխելու մասին օրենքի նախագիծը հույս ունեմ ամառվա ընթացքում կգա Ազգային ժողով։ Վերջին լրամշակումը կառավարություն մի քանի օր առաջ է ուղարկվել»,– նշեց նա։

Նախարարը նաեւ անդրադարձել է 46 երթուղային վարորդի հետ կապված միջադեպին. «Ինչ–որ խնդիր լուծելու մի քանի տարբերակ կա՝ բացատրել, խնդրել, համոզել, վերջում չարակամորեն չկատարողներին պատժել, որ դաս լինի մյուսների համար։ Դա մարդու իրավունքների ոտնահարում է, այն մարդկանց, որոնք ունեն առողջ մնալու իրավունք։ Ընդհանրապես մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է մարդու առողջ մնալու եւ կյանքի իրավունքի ապահովմանը»։

Թորոսյանի խոսքով՝ ծխելու մասին նախագծով նախատեսվելու է նաեւ հասարակական տրանսպորտում ծխելու համար տուգանքի բարձրացում։

«Հայաստանը պետք է դասվի քաղաքակիրթ երկրների շարքին՝ այնպիսի երկրների, որոնցում մարդու առողջությունն ավելի վեր է դասվում, քան որեւէ մեկի կամակորությունը։ Սա ժամանակ է պահանջում, բայց աստիճանաբար պետք է անել»,–հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի եւ ուղեւորի միջեւ: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ նա դուրս գա երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան եւ չի վարի: Այնուհետեւ ուղեւորներից մի քանիսը սկսել են պաշտպանել վարորդին, եւ վիճաբանություն է սկսել: Ի վերջո, երթուղայինի վարորդը կանգնեցրել է մեքենան: Քաղաքացին, որը պահանջել էր վարորդից դադարեցնել ծխելը, դուրս է եկել մեքենայից, մյուս ուղեւորները շարունակել են ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ