News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում հունիսի 4-ին տեղի ունեցած «Շանսի–Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստում որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարեւանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը, ընդգրկել ձեռնարկության կազմում. այն ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնում է, որ նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը եւ բարձրացնել արդյունավետությունը։ «Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո եւ իրականացվելու են երեք տարվա ընթացքում։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը եւ աուդիտի իրականացմանը կմասնակցի նաեւ հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում եւ տեղում կհետեւի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի եւ կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը»,-հայտնում է Սիսեռյանը:

Նա տեղեկացնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք այլ օրակարգային հարցեր եւ կայացվել կարեւոր որոշումներ։ Մասնավորապես, հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։ Ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը: Չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։ Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ եւ գլխավոր հաշվապահի տեղակալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ