News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովի հետաձգումը զուտ տեխնիկական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«Տարբեր ներդրողների հետ կապված ստիպված ենք լինում օրերը փոխել, որովհետեւ արտասահմանից մարդիկ են գալիս, փորձում ենք համաձայնեցնել բոլոր գործընկերների հետ, որպեսզի մաքսիմալ շատ մասնակցություն ունենանք։

Հետաձգումը ներդրողների քանակի հետ կապ չունի, կապված է նրանց ֆիզիկական ներկայության հետ։ Ես չցանկացա նաեւ, որ ֆորումները մեծ հաճախականությամբ իրականացվեն, որ հետաքրքրված մարդիկ գան եւ կարողանան մասնակցել տարբեր մարզերում ֆորումների»,– նշեց մարզպետը։

Նա, սակայն, պնդեց, որ ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարզի նկատմամբ. «Հիմա շատ մեծ աշխատանք է տարվում Մուսալեռում ոսկու վերամշակման գործարանի հետ կապված, կարծում եմ՝ այս տարի բացումը կանենք, հեռուստացույցի, էլեկտրոնիկա գործարանը բացվեց անցած տարի, հիմա մոտ 20 աշխատող ունի, նոր մասնագետներ են նախապատրաստվում, մեծ հետաքրքրություն կա բամբակի աճեցման եւ վերամշակման հետ կապված։ Ռուսաստանաբնակ հայազգի գործարարները կբացեն բժշկական կենտրոն»։

Համբարձում Մաթեւոսյանի խոսքով՝ մարզերում ներդրումային ֆորումների համար տարբեր հանգամանքներ են հաշվի առնվում. «Օրինակ, եղանակային պայմաններն են հաշվի առնվում, Սյունիքում համապատասխան տարածք չկար, մեր պետությունը 30 տարի կեղեքել են, պետական շենք չենք թողել, որտեղ կարելի էր ֆորումն անցկացնել, մարդիկ ստիպված երկար աշխատանք տարան, որ այդ վրանային տարածքն ապահովեն»։

Դիտարկմանը, որ ապրիլին ինքը՝ մարզպետը, ասում էր, որ ամեն ինչ պատրաստ է, միայն տեխնիկական փոքր խնդիրներ կան, Համբարձում Մաթեւոսյանն արձագանքեց, որ հենց նույն պատճառներով էլ հետաձգվել է, կապված նաեւ հրավիրված մարդկանց Հայաստանում լինելու հետ։

«Ես հիմա նպատակահարմար չեմ գտնում ֆորումը կազմակերպել, որովհետեւ իմ տեղեկություններով՝ իմ գործընկերներն են ունենալու ֆորումներ, 2-րդ՝ եղանակային պայմանները. ես նպատակահարմար չեմ գտնում շոգ եղանակին ֆորում անցկացնել, երբ նաեւ ցանկություն ունենք էքսպո կազմակերպել։ Տեխնիկական պատճառներով էլ դեռ ֆորումի օրը հայտնի չէ»,– ասաց նա։

 Նա հայտնեց, որ նախատեսում են ֆորումը Սարդարապատի հուշահամալիրում անցկացնել, նաեւ կիրակի օրը չի լինի, որպեսզի չխանգարեն զբոսաշրջիկներին, որոնք սովորաբար կիրակի օրերին ակտիվ են լինում մարզում։ «Կարծում եմ՝ ամառը չենք անցկացնի»,–եզրափակեց Համբարձում Մաթեւոսյանը։

Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ «Իմ քայլը հանուն Արմավիրի» ներդրումային համաժողովը կայանալու է ապրիլի 12-ին, ապա մարզպետը մեզ հետ զրույցում նշել էր, որ այն տեղի կունենա ապրիլի 28-ին, սակայն ապրիլի 28-ին էլ հետաձգվեց անորոշ ժամանակով։

 

 

Տպել