News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է։ Լրագրողների հարցին՝ կպատասխանի արդյոք նա հարցերի, երկրորդ նախագահը պատասխանեց. «Ոչ այսօր»։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նշենք, որ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ