News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները այսօր՝ հունիսի 12-ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունն իրենց թաղամասում նոր չափագրումներ իրականացնի: Բնակիչները նշում են, որ իրենց տների սեփականության պայմանագիրը լիարժեք չէ, եւ, որ կատարված չափագրումներն էլ թերի են, այդ պատճառով էլ Պետական կադաստրի կոմիտեն չի ընդունում չափագրումները, եւ որպես սեփական տարածք չի գրանցում։

«Սխալ չափագրումներ են արել: Որոշ մարդկանց տները շտրիխած են տվել, հողը չեն չափել:  Իմ շինությունը չափել են ներսից, դրսից չեն չափագրել, 6 քառակուսի պակաս է: Իմ բնակարանը տվել եմ, որ օրինականացնեն, պարզվում է՝ տունս տվել են 15 տարով վարձակալության: Դրանից հետո անընդհատ դիմել եմ, որ տանս թուղթը օրինականացնեն: Մի քանի անգամ եկել, չափագրել են, ու գումարներ եմ միշտ տվել՝ 40 հազար, 50 հազար»,- պատմեց բնակիչներից մեկը:

Բնակիչներից մեկն ասաց, որ տվյալ թաղամասում իրեն պետք է ռեստորանային համալիրի տարածք տրամադրեն, սակայն պայամանգիր կա, բայց տարածք չեն տալիս.

«Անցած տարի պարոն Վանեցյանն ասաց, որ 4-6 ամսում բոլոր կոնդեցիների պայմանագրերը կբավարարեն, եւ բոլորդ տարածք կստանաք, բայց մինչեւ հիմա չենք ստացել: 3 անգամ դիմել եմ ԱԱԾ, 3 անգամն էլ եկել է պատասխան, որ դիմեմ դատարան: Մի անգամ դիմել եմ դատարան, գործը կարճել են: 10 տարի պայմանագիր եմ կապել, չեն տալիս տարածքը, շենքերը պատրաստ է:  «Ի Էմ ՍԻ» ՓԲ ընկերության տնօրեն Գնել Քոչարյանն ինձ ասում է՝ քո տարածքները վաճառելու ենք «SAS»-ին կամ «CITY»-ին»,- ասաց բնակիչը:

Նշենք, որ կոնդեցիները մայիսի 17-ին հանդիպել էին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, եւ քննարկել իրենց բարձրացրած խնդիրները.

«Մեզ չի բավարարել իր հետ հանդիպումը: Նա մեզ կոնկրետ պատասխան չտվեց, բացի դա էլ մեզ ուղարկեց լղոզված պատասխան, դրա համար էլ մենք հիմա այստեղ ենք: Մենք ամբողջ խնդիրները ներկայացրինք, մեզ բանավոր ասացին՝ ձեր հարցերը կսատանան լուծում: Իսկ գրավոր պատասխանի մեջ գրել են, որ 2013 թվականին մենք հանձնաժողով ենք ստեղծել, մենք ուզում ենք, որ հիմա ստեղծվի, որ ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը: Նշել ենք, որ լինեն մարդիկ կադաստրից, մարդու իրավունքի պաշտպանից, քաղաքաշինությունից եւ մեր բնակիչներից, որ կարողանանք մեր հարցերը բարձրաձայնենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանիսը ընդունարանում քննարկում են իրենց խնդիրը կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ:

Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 17-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց, որից հետո հանդիպում էր եղել Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նշենք, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հանդիպումները կշարունակվեն բնակիչների հետ: Մեսչյանը խոստացել էր, որ խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով կձեւավորվի:

Տպել