News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով վեթինգի ենթարկվել եւ մտավախություններ չունեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ նորմալ է վերաբերում վեթինգին։

Նա խոսեց նաեւ մարզում տիրող իրավիճակից՝ հավաստիացնելով, որ մեծամասամբ իրավունքն ու օրենքը հարգող մարդիկ են սյունեցիները. «Թյուր կարծիք ունեք Սյունիքի մարզի մասին, այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր եղել են ու կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, որոնք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»։

Հարցին՝ Սյունիքում սեւազգեստ խմբեր կա՞ն, նա նշեց. «Ե՛վ հանդերձանքի առումով եք ծայրահեղականացնում, ե՛ւ քրեածին իրավիճակի, դա մշտական աշխատանք է, ամեն օր պետք է աշխատել, որ մարդիկ հասկանան՝ չի կարելի իրեն օրենքից վեր դասել, դա ասվել է այն մարդկանց համար, որոնք փորձել են իրենց օրենքից վեր դասել։ Սեւազգեստ եւ նույնիսկ գունավոր հանդերձանք կրողներ կան, որոնք փորձում են վեր դասել օրենքից»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սյունիքի մարզում կա՞ն հակահեղափոխական համայնքի ղեկավարներ, ինչին Հունան Պողոսյանը պատասխանեց. «Այս պահին չեմ տեսնում այդպիսի տրամադրություններ ունեցողներ, գնում է բնականոն աշխատանք։ Խոշորացված Գորայք համայնքում տարաձայնություններ կային, համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները հրաժարական տվեցին, հունիսի 9-ին ընտրություններ եղան, առանց որեւէ լուրջ միջադեպի, կա մեկ բողոք, որը տարածքային հանձնաժողովն է քննարկվել, չեմ կարծում պետք է բաժանել»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Սյունիքի մարզում հաստատված հանգիստ մթնոլորտը, վախենում են իրենից, նա հակադարձեց. «Վախով աշխատելու դեպքում, չեմ կարծում, թե հաջողություններ կարձանագրենք, փոխըմբռման մթնոլորտում աշխատում ենք»։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների վարքի մասին հարցին Հունան Պողոսյանն պատասխանեց. «Ես նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են նրա բարեկամները, այլ կերպ պետք է պահե՞ն, իհարկե, ոչ»։

Հունան Պողոսյանը հրաժարվեց գնահատական տալ ոստիկանության աշխատանքին, սակայն նշեց.  «Ոստիկանությունը միշտ լավ է աշխատել, պարզապես նախկինում գնահատականներն էին ծայրահեղ»։

Տպել
Ամենաշատ