News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, սկսվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Գլխավոր դատախազության, եւ նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Նրանք բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումները : Նույն ժամին դատարանի բակում ցույց էին անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, իսկ հակառակ թեւում մի խումբ էր «Սասնա ծռերից», որոնք պահանջում էին կրկին կալանավորել Քոչարյանին։

Պաշտպանական կողմը կասկածներ ունի որ, դիտավորությամբ է նույն դատավորին մակագրվել երկու որոշումների քննությունը, եւ համակարգչային մակագրման ընթացքում միջամտություն է եղել։ Այս կասկածները նկատի առնելով՝ Ռոբերտ Քոչարյանը դատավորին հորդորեց ինքնաբացարկ հայտնել ։ Պաշտպանական կողմը որոշ նյութեր էր պահանջել՝ այդ թվում վերաքննիչ վարույթին առնչվող։ Այս հիմքով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 14-ին։

Այսօր սկսվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Վարչապետը Փարիզում, անդրադառնալով նախկին նախագահին ազատ արձակելու մեկնաբանությանը, հայտարարել էր՝ «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել.«Ես անձեռնմխելի՞ եմ»: Այս խոսքերը Ռոբերտ Քոչարյանը համարել է զրպարտություն եւ դիմել է դատարան իր պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով : Այսօր Փաշինյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Փաշինյանը այդ արտահայտությունը անելով նկատի չունեցել Քոչարյանին։ Սա հենց հայցվոր կողմի պայմանն էր, հետեւաբար փաստաբան Ալումյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի հայցից։

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Պանթեոն էին եկել ՀՀԿ-ականներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ։ Սերժ Սարգսյանը չցանկացավ զրուցել լրագրողների հետ, եւ չնայած նրանց համառությանը՝  որեւէ հարց չխզեց նախկին նախագահի լռությունը։ Հարցերին չպատասխանեց նաեւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Կոտայքի մարզպետը, որ Աբովյանի ընտրություններում աչքի ընկավ մեծ ակտիվությամբ, սրտին մոտ է ընդունել ԲՀԿ-ական պատգամավոր, Ծառուկյանի թինազորի նախկին պետ խոսքերը։ Էդուարդ Բաբայանը հայտարարել էր, որ նա փորձում է Աբովյանը դարձնել գործ տվողների քաղաք։ Ռոմանոս Պետրոսյանը այս հարցով մտադիր է դիմել էթիկայի հանձնաժողովին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր  հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Նա ծանուցում էր ստացել Աբովյան քաղաքում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան եւ տան դուռը հրկիզելու գործով։ Ի դեպ դեռ երեկ, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը այս գործը անվանել էր «պաժառի» օպերացիա, նախընտրական «պրյոմ» քաղաքական նպատակով։

Արարատի մարզպետը, որի դատողությունները կոկորդիլոսի ծագումնաբանության մասին մամուլի սիրելի թեմաներից էին, այսօր հարկ համարեց նորից ու ավելի մանրամասն բացատրել թռչնից-սողուն էվոլոյուցիան։

Երեկվանից համացանցում բուռն քննարկված տեսանյութի հերոսը՝ ծխող վարորդը, աշխատանքը կորցնելուց հետո՝ չգիտի, թե ինչպես է վճարելու ալիմենտը։ Ռուստամ Վարդանյանը NEWS.am-ին պատմեց, որ բաժանված է, երկու երեխա ունի, որոնց ամեն ամիս վճարում է 35 հազար դրամ, եւ առնվազն այս պահանջով դիմելու է իշխանություններին։ Ռուստամը պատմեց նաեւ, որ առողջապահության նախարարն է անձամբ միջամտել, որպեսզի ոստիկանությունը արգելի իրեն մեքենա վարել։

Երկար ընդմիջումից հետո ֆուտբոլային հաշիվը փոխվել է մեր հավաքականի օգտին։ Երեկ Հունաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Աթենքում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 3:2 հաշվով հաղթել են մրցակցին։ Բացի այդ, հունիսի 8-ին էլ Հայաստանի հավաքականը ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն եւ հաղթել 3:0 հաշվով : Վարչապետ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել՝ «Երկու խաղում 6 գոլ եւ երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է»: Գրել է նա՝  թեժ ֆուտբոլային աշնան սպասումով։

Հունիսի 13-ին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31:

Դոլարն այսօր էժանացել է, փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 610, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ