News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ այս իշխանությունները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին վիրավորելը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։

Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ հիմիկվանները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։

Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, Մաշտոցի պուրակի ակտիվիստները, Էլեկտրիկ Երևան, 100 դրամ շարժումները, որոնց մի մասն այժմ խորհրդարանում ու կառավարությունում է՝ դեռ։

Հաջորդ փուլում կխստացվի հանրահավաքների մասին օրենքը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ կմտցվեն։

Այս ամենը կանխատեսվում էր, սակայն իմքայլականները չեն հավատում, որ ոչ հեռավոր ապագայում այդ օրենքներն իրենց դեմ են աշխատելու, որովհետև նորից բարիկադների մյուս կողմում են հայտնվելու։

Ի տարբերություն նախկին ժամանակների, այս ամենն արվում է ժողովրդի անունից, այնպես որ ապագայում ոչ ոք չի կարողանալու այդ օրենքների դեմ բողոքել։

Հ.Գ. Պատահական չի, որ արդեն նոր թեզ է մտնում, որ քանի որ կա հակահեղափոխության վտանգ, ապա պետք է մի կողմ դնել դեմոկրատիա խաղալը և պետք է ամրապնդել իշխանությունը»։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով:

Տպել
Ամենաշատ