News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել։

Aysor.am-ն էլ հղում կատարելով իր աղբյուրներին գրել է, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 12–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ի գիշերը Աբովյանում հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի  նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու համար։

Սարիբեկյանը ճանաչվել է գործով տուժող:

Նշենք, որ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պատգամավորի այս քայլը անհարգալից վերաբերմունք է համարել իրավապահ համակարգի նկատմամբ․ «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանը առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցում: Ուզում եմ նշել, որ Քննչական կոմիտեն նաև Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ծանուցումը ստանալուց հետո այն պատռել է: Կարծում եմ, որ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, պարոն Ծառուկյանն իրավունք չուներ նման կերպ վարվելու, որովհետև իր արարքը ոչ այլ ինչ է, քան անհանգալից վերաբերմունք իրավապահ մարմինների նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ