News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 13-ին, Երուսաղեմում մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայերն այսօր»-ից: 

Երուսաղեմում մահացել է երուսաղեմահայ ազգային-հասարակական գործիչ, Երուսաղեմի Հայ Դատի հերթապահ, մանկավարժ, լեզվաբան, պատմաբան Ժորժետ Ավագյանը:

Նշենք, որ Ժորժետ Ավագյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 6-ին, Իսրայելի Ռամի գյուղում: Ավարտել է տեղի երկրորդական վարժարանը:

1960 թվականին ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ կրթության կառավարում եւ կրթական հոգեբանություն մասնագիտությամբ: 1966 թվականին ստացել է նույն համալսարանի բակալավրի աստիճան՝ Արաբերեն լեզու եւ գրականություն, Ընդհանուր եւ Միջին Արեւելքի պատմություն մասնագիտությամբ:

1972 թվականին ավարտել է Եբրայական համալսարանի դասական արաբերեն բաժնի մագիստրատուրան:

1976-1977 թթ. վերապատրաստման ծրագրով մեկնել է ԱՄՆ եւ սովորել Հարվարդի համալսարանի Կրթություն եւ կրթության կառավարում բաժնում:

1980 թվականին ավարտել է նույն համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան: 1990 թվականին ստացել է Եբրայական համալսարանի Միջին Արեւելքի պատմության բաժնի դոկտորի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957 թվականին՝ 18 տարեկան հասակում, որպես ուսուցիչ: Այնուհետեւ 1 տարի անց նշանակվել է դպրոցի տնօրեն՝ մինչեւ 2003թ.:

1982-2003 թվականներին դասախոսել է Հայֆայի համալսարանի Միջին Արեւելքի պատմության բաժնում: Դասախոսել է նաեւ Իսրայելի տարբեր քոլեջներում:

Մի քանի անգամ ընդգրկվել է Իսրայելի կրթության նախարարության արաբական եւ հրեական դպրոցների ուսումնական ծրագրերի պատրաստման հանձնաժողովներում եւ հաճախ ներկայացրել է Իսրայելի Պետությունը՝ նախագահելով արտասահման գործուղված բազմաթիվ պատվիրակություններ:

1974 թվականին Աբրահամ Սուրթուկյանի հետ հիմնադրել է Երուսաղեմի Հայ դատի մասնաճյուղը:

1985 թվականից զբաղեցրել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ատենապետի պաշտոնը:

1991 թվականից անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը:

1995 թվականից Երուսաղեմի ՀՅԴ կոմիտեի անդամ էր:

Անդամակցում էր նաեւ տեղական հրեական եւ պաղեստինյան մի շարք քաղաքացիական եւ հասարակական կազմակերպությունների:

Ժորժետ Ավագյանի՝ Իսրայելի Մերեց կուսակցության եւ այլ քաղաքական կուսակցությունների համագործակցության արդյունքում, վերջին տարիներին մի քանի անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում: Հաճախ է ներկայացրել ՀՅԴ Իսրայելի մասնաճյուղը եւ Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը Հայաստանում եւ արտերկրում կազմակերպված ժողովներին ու համագումարներին:

1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ուղեկցել է Իսրայելից օգնության ժամանած մասնագիտական խմբին եւ տեղում համակարգել իսրայելյան մարդասիրական օգնության աշխատանքները: Իր օժանդակությունը շարունակել է նաեւ Իսրայելում՝ շուրջ 70 անդամալույծ վիրավորների բուժման եւ վերականգնողական աշխատանքներում, որի համար արժանացել է Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի շքանշանի եւ պատվոգրի:

1988-1994 թվականներին իր նշանակալի օժանդակությունն է բերել Արցախյան հերոսամարտին՝ կազմակերպելով դրամահավաք եւ նվիրատվություններ: Հայրենանվեր գործունեության համար 2005 թ. շնորհվել է ՀՀ անձնագիր:

Հայաստան- Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, սփյուռքի տարբեր համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման եւ հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ազգային-հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար 2017թ. պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Տիրապետում էր հայերեն, արաբերեն, անգլերեն, եբրայերեն, թուրքերեն (օսմանյան եւ ժամանակակից) եւ ֆրանսերեն լեզուներին:

Հավելենք, որ Ժորժետ Ավագյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Ռամիի Սուրբ Գեւորգ հունական եկեղեցում, ժամը 16:00-ին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Տպել