News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթևիկ Գարիգորյանին։

Ըստ պաշտպանի՝ Գրիգորյանն այս գործով չի կարող լինել անկողմնակալ և օբյեկտիվ դատավոր, քանի որ կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի նկատմամբ։

Նադիրյանի խոսքով՝ Գրիգորյանը խախտումներ է թույլ տվել մայիսի 27–ին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությանը։ Մասնավորապես նիստն անցկացվել է քրեադատավարական մի շարք նորմերի և Գագիկ Հեբոյանի իրավունքների խախտումներով։

Պաշտպանի պնդմամբ՝  ինքը հնարավորություն չի ունեցել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան, քանի որ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ դատարանն իրեն ծանուցում է ուղարկել վերջին պահին և նա չի հասցրել մասնակցել դատական նիստին։

«Ոստիկանները բռնություն գործադրելու միջոցով են իմ պաշտպանյալին տեղափոխել դատարան, որտեղ նա հայտնել է, որ մարմնական վնասվածներ ունի, դրանք ցույց է տվել նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և հայտարարել, որ առանց իր պաշտպանների չի կարող մասնակցել դատական նիստի։ Դատավորը թույլ չի տվել Հեբոյանին չմասնակցել նիստին և առանց փաստաբանի որոշում է կայացրել ՝ Հեբոյանի խափանման միջոց կալանավորումն ուժի մեջ թողնելու վերաբերյալ»,–հայտարարեց փաստաբանը։

Արմեն Նադիրյանը միաժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ Հեբոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով հարուցվել  է քրեական գործ։ Հեբոյանը գործով ճանաչվել է տուժող։

Պաշտպանը նկատեց, որ այդ գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հնարավոր է մասնակցող անձ լինի, քանի որ իր պաշտպանյալը դատավորին ցույց է տվել իր վնասվածքները։

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պաշտպանից հետաքրքրվեց, արդյոք մայիսի 27–ի որոշումը նա բողոքարկե՞լ է Վերաքննիչ դատարանում, ինչին Նադիրյանը բացասական պատասխան տվեց։

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանն ավելի վաղ Հեբոյանի վերաբերյալ գործով ինքնաբացարկ էին հայտնել` հրաժարվելով քննել իրենց գործընկերոջ վերաբերյալ գործը: Դրանից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասւթյան դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ժամանակավոր գործուղվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և գործը մակագրվել է նրան:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Տպել
Ամենաշատ