News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դուք չեք կարող այս գործով լինել պատշաճ դատավոր, ակնհայտ է ձեր շահագրգռվածությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց առանձնապես խոշոր չափերի կաշառք սատանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը։

Նա միացավ իր պաշտպանների՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու միջնորդությանը։

«Ես սկզբից հրաժարվել եմ  փաստաբան Կրոմվել Գրիգորյանի ծառայություններից, հասկանալի չէ, թե ինչու՞ եք դուք նրան ծանուցել, իմ մյուս պաշտպանը ՀՀ–ում չի գտնվել, իսկ պաշտպաններից Արմեն Անտոնյանին էլ ծանուցել են գործընկերոջ հասցեով։ Դուք չեք կարող լինել պատշաճ դատավոր։ Մայիսի 28–ի դատական նիստի ժամանակ ես ցույց տվեցի իմ վնասվածքները, սակայն դուք ինձ թույլ չտվեցիք վերադառնալ խուց, ինչի իրավունքը ես ունեի։ Ես չեմ կարծում, որ սա ձեր կյանքի ամենացանկալի գործն է։ Ինքնաբացարկ հայտնեք թող որւիշ դատավոր գա քննի»,–հայտարարեց նա։

Նշենք, որ ավելի վաղ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթևիկ Գարիգորյանին։

Ըստ պաշտպանի՝ Գրիգորյանն այս գործով չի կարող լինել անկողմնակալ և օբյեկտիվ դատավոր, քանի որ կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի նկատմամբ։

Նադիրյանի խոսքով՝ Գրիգորյանը խախտումներ է թույլ տվել մայիսի 27–ին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությանը։ Մասնավորապես նիստն անցկացվել է քրեադատավարական մի շարք նորմերի և Գագիկ Հեբոյանի իրավունքների խախտումներով։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

 

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանն ավելի վաղ Հեբոյանի վերաբերյալ գործով ինքնաբացարկ էին հայտնել` հրաժարվելով քննել իրենց գործընկերոջ վերաբերյալ գործը: Դրանից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասւթյան դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ժամանակավոր գործուղվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և գործը մակագրվել է նրան:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

 

Տպել
Ամենաշատ