News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունն աշխատում է արդարադատության համակարգի կարճաժամկետ եւ երկարաժամկետ համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակում պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որոնք հետո կդրվեն հանրային լսումների: Գործընթացին ներգրավված են տարբեր գերատեսչություններ: Փոխնախարարի կարծիքով՝  նպատակահարմար չէ հանրությանը ներկայացնել բարեփոխումների առանձին հատվածներ, քանի որ հասարակությունը պետք է տեսնի գործիքակազմն ամբողջությամբ: Պատասխանելով այն հարցին, որ անցումային արդարադատության ներդրումն ուշանում է, փոխնախարարը չհամաձայնվեց նման պնդմանը՝ նշելով, որ երբ պետությունը որոշում է մի կարգից մյուսին անցնել, ժամանակ է անհրաժեշտ: Կառավարությունն ու ԱԺ-ն տարվա ընթացքում սրանով զբաղվել են, իսկ հիմա օրենսդրության փոփոխության համար կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, նշեց Վարդապետյանը: Նա դժվարացավ հայտնել փաստաթուղթը ներկայացնելու կոնկրետ ժամկետ՝ նշելով միայն, որ խոսքը ամենակարճ ժամկետների մասին է:

Փոխնախարարը հայտնեց, որ պատրաստվում է ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ունեցվածքի առգրավման մասին օրինագիծ: Ներկայումս այն միջազգային փորձաքննության է ենթարկվում, իսկ մոտ ժամանակում կվերադարձվի դիտողություններով եւ առաջարկներով: Նախագիծը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այն ուղղված է ունեցվածքին, այլ ոչ անձանց: Փոխնախարարը խոստացավ հարցերին ավելի մանրամասն պատասխանել այն բանից հետո, երբ նախագիծը շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում: «Օրենքում նշված են ունեցվածքի ապօրինի լինելու ապացուցման մեխանիզմները: Մանրամասն կքննարկենք հանրային լսումների ժամանակ»,- խոստացավ փոխնախարարը:

Աննա Վարդապետյանի կարծիքով՝ արդյունավետ չէ առանձին հռչակագրային օրենքների ընդունումը: Սա պետք է լինի բարեփոխումների փաթեթ: Համապատասխանաբար՝ անցումային արդարադատության մասին առանձին օրենք չի կարող լինել: «Սա գործիքակազմ է, այլ ոչ թե գործընթաց: Ճիշտ նույն կերպ, վեթինգի մասին օրենքը չի կարող արդյունավետ լինել, եթե չի նախատեսում համալիր բարեփոխումներ»,- նշեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա, փոխնախարարի խոսքով, եթե երկարաժամկետ ծրագրերում անհրաժեշտություն ծագի, դրանց անցկացումը հնարավոր է: «Բայց վեթինգը եւ բարեհուսությունը կարող են ներդրվել գործող Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակում»,- պարզաբանեց Վարդապետյանը: Փաթեթի անվանումը կարող է տարբեր լինել, բայց իմաստային առումով ոչինչ չի փոխում:

Նրա խոսքով՝ երկարաժամկետ իմաստով հայրենական արդարադատության զարգացումը պետք է կրի էվոլյուցիոն բնույթ, իսկ ահա կարճաժամկետը ենթադրում է ավելի գործուն քայլեր: «Վերջին 30 տարում Հայաստանը բարեփոխումների բավականին լուրջ աշխատանք է կատարել, ինչը անհնար է ժխտել: Բայց կան բացթողումներ, որոնք թույլ չեն տալիս լիարժեք արդարադատություն ունենալ»,- նշեց Վարդապետյանը՝ հավելելով, որ սա կապված է ե՛ւ մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի, ե՛ւ ունեցվածքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ